Սանկտ Պետերբուրգում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով բարձրաստիճան զինվորական է սպանվել
Սանկտ Պետերբուրգի Սլավյանկա թաղամասում զինվորականին պատկանող ավտոմեքենա է պայթել, հայտնում է «Ֆոնտանկան»։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ մեքենայում եղել է Ռուսաստանի զինված ուժերի գնդապետ։ Պայթյունի հետևանքով զինվորականը զոհվել է։ Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի հատակին և գործի է դրվել հեռակառավարմամբ՝ այն պահին, երբ գնդապետը դուրս էր գալիս բակից։
«78» պարբերականի ճշտմամբ՝ ավտոմեքենան պայթել է Կոլպինսկի մայրուղու վրա՝ «Լենտա» խանութի և «Տատնեֆտ» բենզալցակայանի հարևանությամբ։ Մեքենայում գտնվող զինվորականը ծառայել է Ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության 6-րդ բանակում։
Տարածվող տեղեկությունների համաձայն՝ պայթյունի պահին զինծառայողը մեքենայի սրահում մենակ է եղել։
Ռուսաստանի քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է զինծառայողի մահվան փաստը, սակայն չի հրապարակել նրա ինքնությունը, զբաղեցրած պաշտոնը և այլ տվյալներ։