ՀԱՊԿ-ից Հայաստանին հեռացնելու հարց չի քննարկվել
ՀԱՊԿ խորհրդի նիստում Հայաստանին կազմակերպությունից հեռացնելու վերաբերյալ հարց չի քննարկվել։
«Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց օրակարգում չի եղել։ Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների մասով պարտքերը, կվերականգնի իր լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին՝ թե՛ անձնակազմ գործուղելու, թե՛ կազմակերպության գործունեությանը մասնակցելու առումով։ Որոշումը կախված է Հայաստանի ղեկավարությունից»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
Նա նշել է, որ վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանը ո՛չ անդամավճարներն է վճարել, ո՛չ էլ իր անձնակազմն է ուղարկել ՀԱՊԿ քարտուղարություն կամ միացյալ շտաբ։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում է կայացվել Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, ինչպես նաև քվոտային պաշտոններում թեկնածուներ առաջադրելու իրավունքից։