Իշխանությունը հույս ունի, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է.
Նոր սահմանադրության ընդունումը թույլ չտալու նպատակով համախմբված խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի վարքագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել իշխող թիմում։ Ինչպես հայտնի է, վերջին օրերին ընդդիմադիրներն իրազեկման ակցիաներ են սկսել մայրաքաղաքի փողոցներում, նրանց աջակիցներն էլ մարզերում են նույնն անում։ Կարելի է ասել՝ «ոչ»-ի ճակատ է ձեւավորվել, ընդդիմադիր գործիչները քայլում են Երեւանի փողոցներում, քաղաքացիներին ներկայացնում, թե ինչու է պետք մերժել իշխանության այդ օրակարգը։
Եթե ընդամենը օրեր առաջ ՔՊ-ում իշխում էին այն տրամադրությունները, որ գնում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների, քանի որ ընդդիմությունը երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դրած մերժում է նոր սահմանադրությունը եւ չի քվեարկելու խորհրդարան բերվելիք նոր սահմանադրության նախագծի օգտին, ապա իրազեկման ակցիաներից հետո կարծես իրավիճակ է փոխվել։ Չնայած ընդդիմությունը շարունակում է վստահեցնել, որ ԱԺ-ում նախագծին դեմ են քվեարկելու, բայց այդ դեպքում ինչո՞ւ են իրազեկում հանրությանը մի նախագծի մասին, որի քվեարկությունն Ազգային ժողովում մտադիր են տապալել՝ թույլ չտալով, որ այն հասնի հանրաքվեի: ՔՊ-ականներին հուսադրում է գործընկերների այս՝ ինչ-որ տեղ անհասկանալի պահվածքը։ Վերջին օրերին՝ մասնավոր զրույցներում նրանք չեն բացառում, որ արտահերթ ընտրությունների կարիք չառաջանա, քանի որ հույս ունեն՝ երբ խորհրդարան բերվի սահմանադրության նոր նախագիծը, ընդդիմությունը դրան ծանոթանալուց հետո որոշում կկայացնի` կողմ քվեարկել, հանրաքվեի գնալ, եւ թող այն ժամանակ ժողովուրդը որոշի՝ ուզո՞ւմ է, որ նոր սահմանադրություն ընդունվի, թե՞ ոչ։
ՔՊ-ում, կարելի է ասել, տեսակետները կիսվել են, մի մասը կարծում է, որ կհաջողվի համոզել ընդդիմությանը, իսկ նման վստահություն, ինչպես նշեցինք, ունեն ընդդիմադիրների գործողություններից ելնելով։ Մի մասն էլ վստահ է, որ եթե չհաջողվի համոզել, ապա Փաշինյանը հենց տարեմուտին խորհրդարանն իրավունքի ուժով ազատ կարձակի՝ հրաժարական տալով։ Հիշեցնենք, որ արդարադատության նախարարուհին հայտարարել է, որ նոր նախագիծը խորհրդարան կբերեն նոյեմբերի վերջին, ամենաուշը՝ տարեվերջին։
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են միայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 151-րդ հոդվածի 3-րդ ու 4-րդ մասերով նախատեսված դեպքերում՝ խորհրդարանի արձակումից հետո։ Այսինքն՝ վարչապետը չի կարող պարզապես հայտարարել, որ ցանկանում է նոր ընտրություններ անցկացնել, եւ այդ հայտարարությամբ իսկույն սկսել ընտրական գործընթաց։ Պետք է առաջանա սահմանադրությամբ նախատեսված իրավիճակ, որի դեպքում Ազգային ժողովը լուծարվում է իրավունքի ուժով։
Սահմանադրությունը նախատեսում է մի քանի իրավիճակ։ Առաջինը վարչապետի ընտրության ձախողումն է։ Փաշինյանը կարող է հրաժարական տալ, եւ եթե հրաժարականից կամ պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը չի կարողանում վարչապետ ընտրել` սահմանված ընթացակարգով, անցկացվում է երկրորդ ընտրություն։ Եթե դրանից հետո էլ վարչապետ չի ընտրվում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով։ Մյուս դեպքերը ժամկետանց կարելի է համարել, դիցուք` երկրորդ դեպքում նախատեսվում է, որ կառավարության ծրագիրը չընդունվի։ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունը ձեւավորելուց հետո վարչապետը 20 օրվա ընթացքում պետք է ներկայացնի կառավարության ծրագիր, իսկ Ազգային ժողովը դրան հավանություն պետք է տա 7-օրյա ժամկետում։ Եթե ծրագիրը չի ընդունվում, եւ սահմանված կարգով նոր վարչապետ չի ընտրվում, խորհրդարանը կարող է արձակվել։ Նույն հոդվածը նախատեսում է նաեւ կրկնակի չհաստատման դեպքը։
Երրորդ՝ հատուկ ընթացակարգով ձեւավորված կառավարության ծրագիրը։ Եթե Սահմանադրության 115-րդ հոդվածով նախատեսված կարգով ձեւավորված կառավարության ծրագիրը չի ստանում խորհրդարանի հավանությունը, Ազգային ժողովը նույնպես արձակվում է իրավունքի ուժով։
Սահմանադրության 92-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովի արձակումից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո։