Պակիստանում պարեկային խմբի վրա հարձակման հետևանքով զոհվել է 10 ոստիկան, ոչնչացվել՝ 18 զինյալ
Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում ոստիկանության պարեկային խմբի վրա հարձակման հետևանքով զոհվել է իրավապահ մարմինների 10 աշխատակից, ևս 12-ը վիրավորվել են։
Այս մասին հայտնել է նահանգային ոստիկանությունը։
Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում ոչնչացվել է 18 զինյալ։
Միջադեպը տեղի է ունեցել Կոհաթ շրջանում, երբ ոստիկանները վերադառնում էին տեղական վարչակազմի հետ համատեղ իրականացված գործողությունից։ Գործողությունն ուղղված էր ապօրինի ոսկու արդյունահանման դեմ։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կատարել են «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» խմբավորման անդամները։
Զոհվածների թվում է ոստիկանության փոխտեսուչ Հայդար Զամանը։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց։
Նահանգապետ Ֆեյսալ Քարիմ Քունդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և պահանջել միջադեպի վերաբերյալ մանրամասն զեկույց ներկայացնել՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել հարձակվողներին։