NASA-ն և «Ռոսկոսմոսը» երկարաձգել են Միջազգային տիեզերակայանում համատեղ թռիչքների համաձայնագիրը
NASA-ն և Ռուսաստանի պետական «Ռոսկոսմոս» կորպորացիան պայմանավորվել են շարունակել Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) տիեզերագնացների փոխադարձ թռիչքների ծրագիրը։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ տիեզերական գործակալության ներկայացուցիչ Ջոշուա Ֆինչը։
Նրա խոսքով՝ համաձայնությունը նախատեսում է շարունակել ամերիկյան անձնակազմով տիեզերանավերով և ռուսական «Սոյուզ» տիեզերանավերով իրականացվող համատեղ թռիչքները։
Ֆինչը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ՄՏԿ-ում անձնակազմի մշտական ներկայությունն ապահովելու, կայանի տեխնիկական սպասարկման աշխատանքներն իրականացնելու, ինչպես նաև բաց տիեզերք դուրս գալու համար անհրաժեշտ մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձնակազմեր ունենալու տեսանկյունից։
ԱՄՆ տիեզերական գործակալության ներկայացուցչի խոսքով՝ այս պահին տեխնիկական խոչընդոտներ չկան, որոնք կարող են խանգարել Միջազգային տիեզերակայանի շահագործմանը նաև 2030 թվականից հետո։