Հնդկաստանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կան վիրավորներ
Հնդկաստանի Ասամ նահանգում գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Ասամ նահանգի գլխավոր նախարար Հիմանտա Բիսվա Սարման։
Նրա խոսքով՝ Kolkata-Sairang Express գնացքի լոկոմոտիվը և հինգ վագոն դուրս են եկել ռելսերից, ինչի հետևանքով չորս մարդ վնասվածքներ է ստացել։ Տուժածներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Սարմայի խոսքով՝ ուղևորներին իրենց նպատակակետ հասցնելու համար կազմակերպվել է այլընտրանքային գնացք։
Հյուսիսարևելյան սահմանային երկաթուղու ներկայացուցչի փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Kolkata-Sairang Express-ը մտնում էր Դիգարու երկաթուղային կայարան։ Մեքենավարը ճանապարհ է զիջել մեկ այլ գնացքի, սակայն չի կարողացել վերահսկել շարժման արագությունը, ինչի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից։