Պաշտոնական նամակ և դիմում՝ Հայաստանում Եվրոպական միության դեսպանին
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը մտադիր է պաշտոնական նամակ և դիմում փոխանցել Հայաստանում Եվրոպական միության դեսպանին՝ ներկայացնելով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ԵՄ գրասենյակի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ընթացքում հայտարարել է խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։
Նշենք, որ այսօր «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը բողոքի ակցիա է անցկացնում՝ ի հիշատակ Ստեփանավանի համայնքապետի իր թեկնածու Արսեն Գևորգյանի, որը նոյեմբերի 10-ին մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է։ Ակցիան անցկացվում է «Արդարություն Արսեն Գևորգյանի համար» խորագրով։
Ղահրամանյանի փոխանցմամբ՝ խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանն արդեն կապ է հաստատել Հայաստանում ԵՄ դեսպանի հետ։ Նախատեսվում է խմբակցության անունից նրան փոխանցել համապատասխան փաստաթղթեր՝ ակնկալելով տեղի ունեցածի վերաբերյալ օբյեկտիվ գնահատական։