«Դատավորներն էլ պիտի պատասխան տան»
Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքների և տեղի ունեցածի պատասխանատվության մասին հայտարարություններ է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Այսօր հրավիրված ասուլիսում նա ընդգծել է, որ Գևորգյանը մահացել է այնպիսի պայմաններում, երբ ամբողջությամբ գտնվել է պետական վերահսկողության ներքո, հետևաբար նրա կյանքի և առողջության պահպանման պատասխանատվությունը կրում էր պետությունը։
Գրիգորյանը նշել է, որ սա Հայաստանում կալանքի տակ գտնվող անձի մահվան երկրորդ դեպքն է, և հարց է բարձրացրել, թե ինչու է Արսեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել կալանքը։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով կալանավորումները դարձել են տարածված երևույթ։ Նա քննադատել է ինչպես գլխավոր դատախազության, այնպես էլ կալանքի որոշումներ կայացնող դատավորների գործողությունները՝ նշելով, որ վերջիններս պետք է գիտակցեն իրենց որոշումների հնարավոր հետևանքները։
Աննա Գրիգորյանը, մասնավորապես, հիշատակել է դատավոր Գրիգորյանին, որը կալանքի որոշում է կայացրել Արսեն Գևորգյանի նկատմամբ։ Նրա համոզմամբ՝ քաղաքական բնույթ ունեցող գործերով կալանքի որոշումներ կայացնող դատավորները նույնպես պետք է պատասխանատվություն զգան տեղի ունեցածի համար և հետագայում իրենց գործողությունների համար պատասխան տան օրենքի ու սեփական խղճի առաջ։
Անդրադառնալով քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին՝ Գրիգորյանը նշել է, որ այնտեղ պահման պայմանները խայտառակ են։