«Շատ լավ մասնագետ եմ», «իմ տեղում եմ» ասող Սրբուհի Գալյանի «դուխն» ո՞ւր մնաց․ պատասխանատվության փոխարեն՝ անհաջող արդարացումներ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահից հետո արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հնչեցրած հայտարարությունը ոչ թե հանրությանը հուզող հարցերի պատասխան էր, այլ պատասխանատվությունից հեռու մնալու անհաջող փորձ։
«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում»,- ասել է Գալյանը:
Երբ մարդը մահանում է պետության վերահսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկում, նախարարի առաջին պարտականությունը պետք է լինի ոչ թե հիշեցնելը, որ նման դեպքեր լինում են ամբողջ աշխարհում, այլ բացատրելը՝ ինչ է տեղի ունեցել Հայաստանում, իր ղեկավարած համակարգում։
Այո՛, աշխարհի տարբեր երկրներում մարդիկ մահանում են, և դա, ցավո՛ք, կյանքի իրողություն է։ Բայց այդ փաստը չի ազատում պետությանը պատասխանատվությունից։ Երկրի արդարադատության նախարարի մակարդակով արված այս հայտարարությունը չի պատասխանում գլխավոր հարցին՝ ինչո՞ւ մահացավ Արսեն Գևորգյանը, արդյոք ժամանակի՞ն է նրան բժշկական օգնություն ցուցաբերվել, և արդյոք հնարավո՞ր էր կանխել նրա մահը։
Այն հանգամանքը, որ կալանավորված անձը նախկինում առողջական գանգատներ չի ներկայացրել, որևէ կերպ չի վերացնում պետության պարտականությունը՝ վերահսկելու նրա առողջական վիճակն ու անհրաժեշտության դեպքում ապահովելու բուժօգնություն։
Առավել ևս՝ անընդունելի է, երբ նախարարն այս ողբերգության ֆոնին փորձում է խոսել վիճակագրության լեզվով՝ հիշատակելով, որ նման մահեր նախկինում էլ են եղել։
Դասականը կասեր՝ յա, իրո՞ք: Այսինքն՝ ի՞նչ։ Քանի որ նախկինում էլ են մարդիկ մահացել քրեակատարողական հիմնարկներում, ուրեմն պետք է դա համարել սովորական երևո՞ւյթ։
Ո՛չ, տիկի՛ն Գալյան։ Յուրաքանչյուր նման մահ պետության պատասխանատվության լրջագույն հարց է։ Եվ եթե Դուք ղեկավարում եք այդ համակարգը, ապա պարտավոր եք ոչ թե արդարացումներ փնտրել, այլ պատասխաններ տալ։
Արսեն Գևորգյանի մահվան համար Ձեր անձնական իրավական մեղավորության մասին կարելի է խոսել միայն քննության արդյունքներով։ Բայց քաղաքական և պաշտոնեական պատասխանատվությունից խուսափելն անհնար է։ Դուք, որպես երկրի արդարադատության նախարար, ոչ թե պետք է անիմաստ համեմատություններ անեք աշխարհի հետ, այլ հստակ պարզաբանումներ տաք ու կրեք պատասխանատվություն։
Իշխանությունը չի կարող մի ձեռքով մարդուն զրկել ազատությունից, մյուսով չկարողանալ երաշխավորել նրա անվտանգությունը, իսկ ողբերգությունից հետո սահմանափակվել նրանով, որ նման դեպքեր աշխարհում էլ են լինում։
Արսեն Գևորգյանը պարզապես հերթական վիճակագրական թիվը չէ։ Նա մարդ էր, ուներ ընտանիք, հարազատներ և իրավունք ուներ պետության վերահսկողության ներքո անվտանգ լինելու։
Այնպես որ, այս ֆոնին, Գալյանի հայտարարությունը չհիմնավորված արդարացում է: Մեղքը իշխանություններից հեռացնելու անհաջող փորձ:
Բա Ձեր «դուխն» ո՞ւր մնաց: Ազնիվ եղեք ճշմատությունն ասելու, չե՞ք կարող «դուխով» խոստովանել, որ այս մահը Ձեր ուսերին է ու Ձեր խղճին, ասել, որ այո՛, հենց Դուք ու Ձեր իշխանությունն է մեղավոր այս մահվան համար: Ասել է թե՝ թիվ 1 պատասխանատուն դուք եք: Թե՞ Դուք այդ «դուխով» միայն Ձեր պաշտոնն եք կարողանում պաշտպանել:
Այդ Դուք էիք ասում, չէ՞. «Ես, այո՛, կին եմ ու շատ լավ մասնագետ եմ ու, հետևաբար, իմ տեղում եմ»։
Դե հիմա ապացուցեք, որ «շատ լավ մասնագետ եք» ու Ձեր «տեղում եք»: Արեք դա գործով, թե չէ պաշտոն զբաղեցնելը դեռ «տեղում լինել» չէ: Ու այստեղ կին լինել-չլինելը «արգումենտ» չէ:
Ի վերջո, եթե Ձեր ղեկավարած համակարգում մարդ է մահանում, ապա առաջին հերթին Դուք պետք է պատասխան տաք՝ ի՞նչ եք արել, որպեսզի դա տեղի չունենար։
Արմինե Մկրտումյան