Ուկրաինան անօդաչուներով հարվածներ է հասցրել Լենինգրադի մարզին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստին, ինչի հետևանքով խոշոր հրդեհ է բռնկվել։
Հարձակումը հաստատել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Նրա տվյալներով՝ Լենինգրադի մարզի տարածքում ընդհանուր առմամբ խոցվել է 42 անօդաչու թռչող սարք։
«Ուստ-Լուգայի նավահանգստային գոտում գրանցվել են հարվածներ», — գրել է Դրոզդենկոն Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել, ինչպես նաև անջատվել է Ուստ-Լուգայի տրանսֆորմատորային ենթակայանը։
Ուկրաինական մոնիթորինգային ալիքների հաղորդմամբ՝ նավահանգստում ուժեղ հրդեհ է բռնկվել, որը տեսանելի է տասնյակ կիլոմետրերի հեռավորությունից։ NASA FIRMS ծառայությունը նույնպես գրանցել է հրդեհի օջախներ Ուստ-Լուգայի նավահանգստում և հարակից ջրային տարածքում։
Իր հերթին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ, Դնեպրոպետրովսկ, Կրեմենչուգ և Ժիտոմիր քաղաքների, ինչպես նաև Վիննիցայի, Պոլտավայի, Խարկովի, Կիևի և Սումիի մարզերի ուղղությամբ հարվածների մասին։