Աբու Դաբիում ռուսական կողմը պնդել է, թե արդեն վերահսկողություն են հաստատել Դոնբասի ուղղությամբ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Աբու Դաբիում կայացած բանակցությունների ընթացքում ռուսական պատվիրակությունը պնդել է, թե ռուսական զորքերն արդեն վերահսկողություն են հաստատել Դոնբասի՝ Կիևի վերահսկողության տակ դեռևս մնացող տարածքի կեսի նկատմամբ։
Այս մասին Ուկրաինայի նախագահը գրել է X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների արդյունքները։
Զելենսկու խոսքով՝ համապատասխան տեղեկությունը նրան փոխանցել է ուկրաինական բանակցային խումբը՝ Աբու Դաբիում կայացած հանդիպումներից հետո։
«Երբ Աբու Դաբիում հանդիպումներից հետո մեր բանակցային խմբից ստացա երկրորդ զեկույցը, ինձ հայտնեցին, որ ռուսական կողմը կարծում է, թե արդեն վերահսկողություն է հաստատել Դոնբասի՝ Ուկրաինայի վերահսկողության տակ մնացած տարածքի կեսի նկատմամբ։ Այդ մասին միանգամայն լրջորեն խոսել են ռուս զինվորականներն ու հետախուզության ներկայացուցիչները», – հայտարարել է նա։
Զելենսկին նշել է, որ ուկրաինական պատվիրակությունը հերքել է այդ պնդումները՝ ներկայացնելով տեսագրություններ, լուսանկարներ և այլ ապացույցներ, որոնք հաստատում են նշված տարածքների նկատմամբ Ուկրաինայի վերահսկողության պահպանումը։