Քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Դավիթ Թադևոսյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես տնտեսական դիմակայունության ամրապնդման և մրցունակության բարձրացման կարևոր նախապայման։
Հայկական կողմը մոլդովացի գործընկերներին ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական կրթության ոլորտներում Հայաստանի հաջողված փորձը։ Որպես օրինակ՝ ներկայացվել են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության և այլ կենտրոնների մոդելները։ Քննարկվել են նաև տեխնոլոգիական ստարտափների, նորարարական կենտրոնների և տեխնոպարկերի միջև անմիջական համագործակցության հաստատման հնարավորությունները։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային շփումները՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։