Սևանում՝ բնակելի շենքի հետնամասում կայանված ավտոմեքենայում, հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի Սարգիս Սևանցի փողոցի շենքերից մեկի հետնամասում կայանված ավտոմեքենայում դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Նշված փողոցի թիվ 13 շենքի հետնամասում հայտաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենա, վարորդի նստատեղին էլ Գեղարքունիքի մարզի բնակիչ 80-ամյա Սերյոժա Ս.-ի դին։
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։