Ես մտադիր չեմ Դոնբասը զիջել Ռուսաստանին. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մտադիր չէ Դոնբասը զիջել Ռուսաստանին, սակայն չգիտի, թե այդ հարցում ինչ դիրքորոշում կունենան Միացյալ Նահանգները։
Այս մասին Զելենսկին ասել է Դանիա կատարած այցի շրջանակում DR Nyheder-ին տված հարցազրույցում։
«Ո՛չ, ես չեմ լքի Դոնբասը, քանի որ գիտեմ, որ որոշ ժամանակ անց նրանք ավելի առաջ կշարժվեն և կգրավեն մեզ։ Հետևաբար, դա մեզ համար մեծ ռիսկ է»,– ասել է Զելենսկին։
Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը ափսոսանք է հայտնել, որ չգիտի՝ ինչպիսին կլինի Վաշինգտոնի հետագա դիրքորոշումը, և արդյոք եվրոպական երկրները կկարողանան պահպանել միասնական դիրքորոշումն այս հարցում։
«Ես չգիտեմ, թե ինչ դիրքորոշում կորդեգրեն Միացյալ Նահանգները և որ կողմում կլինեն։ Չգիտեմ՝ արդյոք եվրոպացիները կկարողանան հանդես գալ միասնական ճակատով, թե Ֆրանսիայում գարնանային ընտրություններից հետո պառակտված կլինեն, ինչ փոփոխություններ կարող են տեղի ունենալ ապագայում Գերմանիայում և մյուս երկրներում։ Ուստի, անկեղծ ասած, ոչինչ չեմ կարող հստակ ասել»,– նշել է Ուկրաինայի նախագահը։