Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն նախաձեռնել ԱՊՀ-ից դուրս գալու գործընթաց. Սերգեյ Լեբեդև
Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն նախաձեռնել Անկախ Պետությունների Համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու գործընթաց և չեն բարձրացրել կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու հարցը՝ չնայած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կառույցներում երկրի մասնակցության փաստացի սառեցմանը։
Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ Հավաքական անվտանգության հարցերով միջազգային համաժողովի շրջանակում։
«Ո՛չ։ Անձամբ վարչապետն է ինձ ասել, ինչպես նաև շատ այլ ներկայացուցիչներ, որ նրանք մնում են ԱՊՀ կազմում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ կազմակերպությունից»,- ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին։