Մահ՝ բանտում․ ո՞վ է պատասխան տալու․ Սրբուհի Գալյանի համար պաշտոնը պատասխանատվությո՞ւն է, թե՞ միայն արտոնություն
Այսօր Հայաստանի քրեակատարողական համակարգում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի ընտրություններում ընտրական ցուցակը գլխավորած Արսեն Գևորգյանը։
Մարդը կալանավորված էր, գտնվում էր պետության վերահսկողության տակ։ Նրա կյանքի, առողջության և անվտանգության ապահովումը պետության պարտականությունն էր։ Այսօր նրա ընտանիքը կանգնած է անդառնալի կորստի առաջ։
Սա պարզապես հերթական լրատվական հաղորդագրություն չէ։ Սա մարդկային կյանք է, ընտանիքի ցավ, երեխաների ու հարազատների ողբերգություն։ Եվ այսպիսի դեպքերը չեն կարող ավարտվել միայն մի քանի տողով պաշտոնական հաղորդագրությամբ։
Երբ մարդը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, պետությունը պարտավոր է ապահովել նրա կյանքի և առողջության պաշտպանությունը։ Եթե մարդը մահանում է այդ հաստատությունում, պետք է պարզվեն բոլոր հանգամանքները՝ ինչ վիճակում է եղել, ինչ բժշկական հսկողություն է իրականացվել, որքան արագ է արձագանքվել նրա ինքնազգացողության վատթարացմանը և արդյոք ամեն ինչ արվե՞լ է նրա կյանքը փրկելու համար։ Միայն ասել, թե մարդը վատացել է, շտապօգնություն է կանչվել, և բժիշկներն արձանագրել են մահը, բավարար չէ հանրային վստահության համար։
Տիկի՛ն Սրբուհի Գալյան, այս ամենի քաղաքական պատասխանատվությունն անձամբ Ձեր ուսերին է։ Դուք Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարն եք։ Ձեր ղեկավարած համակարգի մեջ են մտնում նաև քրեակատարողական հիմնարկները։ Հետևաբար դուք չեք կարող այս ողբերգությունից պարզապես հեռու կանգնել և սահմանափակվել նրանով, որ տեղի ունեցածի մասին հերթական պարզաբանումը կհրապարակվի։
Արդարադատության նախարարի պաշտոնը միայն աշխատասենյակը, պաշտոնական մեքենան և բարձր աշխատավարձը չէ։ Դա առաջին հերթին պատասխանատվություն է այն մարդկանց նկատմամբ, որոնց կյանքն ու անվտանգությունը վստահված են պետությանը։ Իսկ հասարակության համար առավել անընդունելի է դառնում այն հակադրությունը, երբ մի կողմից բանտում մարդ է մահանում, իսկ մյուս կողմից հանրության առաջ պաշտոնյաների պահվածքից հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե իրենցից հաշվետվություն պահանջելն արդեն իսկ անհարգալից վերաբերմունք է։
Տիկի՛ն Գալյան, Ձեր շփումը լրագրողների հետ նույնպես հանրային պաշտոնյայի պատասխանատվության մաս է։ Լրագրողին ընդհատելը, հարցը մինչև վերջ չլսելը, մունաթով պատասխանելը, հայացքներով ու ժեստերով զրուցակցին վերևից նայելու տպավորություն թողնելը պետական պաշտոնյային պատիվ չի բերում։ Դուք պարտավոր չեք բոլոր հարցերի հետ համաձայն լինել, բայց պարտավոր եք լսել և պատասխանել։ Լրագրողները ձեր ենթակաները չեն, իսկ հասարակությունը ձեր աշխատավարձը վճարող քաղաքացիների ամբողջությունն է։
Եվ այդքան ինքնավստահության կողքին մի պարզ բան պետք է հիշել՝ պաշտոնը մարդուն հասարակությունից բարձր չի դարձնում։
Խոսենք նաև աշխատավարձի մասին։
Եթե Ձեր վարձատրության վերաբերյալ շրջանառվող 7-8 միլիոն դրամի չափը համապատասխանում է իրականությանը, ապա հասարակությունն առավել ևս իրավունք ունի պահանջելու այդ վարձատրությանը համապատասխան աշխատանք, արդյունք և պատասխանատվություն։ Միլիոնավոր դրամների վարձատրությունը չի կարող լինել միայն պաշտոնի արտոնություն։ Այն հանրային ծառայության դիմաց ստանձնած պարտավորություն է։
Այսօր Արսեն Գևորգյանի ընտանիքը սգում է։
Իսկ հասարակությունը սպասում է ոչ թե հերթական ինքնարդարացմանը, ոչ թե հերթական պաշտոնական խոսքին, այլ ճշմարտությանը։
Քրեակատարողական հիմնարկում մահացած յուրաքանչյուր մարդ պետք է դառնա մանրակրկիտ քննության առարկա։ Քաղաքական հայացքը, կուսակցական պատկանելությունը կամ առաջադրված մեղադրանքը որևէ նշանակություն չունեն։ Մարդու կյանքը հավասարապես արժեքավոր է՝ անկախ նրանից, թե ով է նա և ինչ մեղադրանքով է կալանավորված։
Իրավագիտակից հանրության պահանջը հստակ է՝ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները պետք է քննվեն անկախ, անաչառ և ամբողջական քննությամբ։ Պետք է պարզվի՝ արդյոք քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները և պատասխանատու մարմինները պատշաճ են կատարել իրենց պարտականությունները։ Պետք է հրապարակվեն քննության արդյունքները, և մեղավորության հաստատման դեպքում պատասխանատվության ենթարկվեն բոլոր պատասխանատուները։
Իրավական քննությունից զատ, սակայն, կա նաև քաղաքական պատասխանատվություն։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության ղեկավարը պետք է ստանձնեն իրենց համակարգի կառավարման քաղաքական և ծառայողական պատասխանատվությունը։
Սրբուհի Գալյանի և Քրեակատարողական ծառայության ղեկավարի հրաժարականն է, որ կլինեն քաղաքական արդար հետևանք՝ այս ողբերգական ելքով իրավիճակին։
Բավական է պաշտոնական պարզաբանումներով փակել հասարակության առաջ կանգնած ծանր հարցերը։
Բավական է մարդկանց ցավի դիմաց անտարբերության տպավորություն թողնող վերաբերմունքը։
Բավական է պաշտոնի բարձրությունից խոսել հասարակության հետ։
Պաշտոնը ժամանակավոր է, մարդկային կյանքը՝ անփոխարինելի։ Արսեն Գևորգյանի մահը չպետք է դառնա հերթական մոռացված դեպքը։ Նրա ընտանիքն արժանի է ճշմարտության, իսկ հասարակությունը՝ պատասխանների և պատասխանատուների։ Մարդը մահացել է պետության վերահսկողության տակ գտնվող հիմնարկում։ Պետությունը պարտավոր է պատասխան տալ։ Իսկ քաղաքական պատասխանատվությունը սկսվում է այն պահից, երբ պաշտոնյան հասկանում է, որ պաշտոնը պահելուց ավելի կարևոր է իր համակարգի համար պատասխանատվություն կրելը։