«Ժուչոկներ», լարվածություն ու կասկածելի նշանակում․ ի՞նչ է կատարվում Երևանի թիվ 19 դպրոցում. ծնողներն ահազանգում են
Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 հիմնական դպրոցի ծնողներն ահազանգում են՝ դպրոցում տիրում է անորոշ և լարվածություն:
Իրավիճակն սկսել է լարվել, երբ տնօրենի Ժ/Պ նշանակվեց Անի Դանիելյանը: Դպրոցում նրա հայտնվելը բացասաբար է անդրադարձել կրթօջախի ներքին մթնոլորտի, ուսուցչական կոլեկտիվի կայունության և աշակերտների հոգեբանական հանգստության վրա։
NEWSPRESS.am-ի տեղեկություններով՝ դպրոցի տարբեր անկյուններում, Ժ/Պ-ի ի հայտ գալով, տեղադրվել են գաղտնալսող սարքեր՝ «ժուչոկներ»: Մեզ ահազանգող ծնողները չեն բացառում, որ դրանք արվել են ուսուցիչների և աշակերտների շրջանում առկա դժգոհությունները «հավաքագրելու» և դրանք հետագայում նրանց կամ հենց նախկին տնօրենի դեմ օգտագործելու համար: Ու չնայած «ժուչոկներ» տեղադրելու «օպերացիայի» կազմակերպիչներն ու անմիջական մասնակիցներն այնքան փնթի են աշխատել, որ դրանց տեղակայման մասին բոլորն իմացել են և ավելի զգուշավոր են, այնուամենայնիվ, դրանց առկայությունը դպրոցում ավելորդ լարվածություն է առաջացել և ապակայունացրել ուսումնական գործընթացը:
Աշակերտների և ուսուցիչների համար արհեստածին լարվածությունը թերևս խոսում է այն մասին, որ նորահայտ Ժ/Պ-ն իր գործին չի տիրապետում և չունի կառավարման փորձ:
Մեր տեղեկություններով՝ Անի Դանիելյանը 3 տարի զբաղեցրել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող թիվ 163 դպրոցի տնօերնի պաշտոնը: Ասում են՝ նա այդ պաշտոնում հայտնվել է այդ վարչական շրջանի ղեկավարի հետ սերտ կապի շնորհիվ: Իսկ հետագայում, ըստ մեզ հասած լուրերի, Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ սերտ հարաբերություններն էլ օգնել են նրան Մասիվից իջնել կենտրոն ու հիմնավորվել մայրաքաղաքի սրտում գործող դպրոցներից մեկում:
Ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներն ու ծնողական համայնքը հաշտ չեն այս նշանակման հետ:
Հարկ է նկատել, որ դեռ այս տարվա՝ 2026 թվականի մարտին կայացած տնօրենների մրցույթում արդեն նախկին տնօրեն, 26 տարվա աշխատանքային փորձ ունեցող Լիանա Աշրաֆյանը, պահանջվող փուլային տարբերակով, ներկայացրել է իր ծրագրերը, որոնք մերժվել են: Նա դիմել է դատարան՝ իր իրավունքները վերականգնելու համար: Դատարանը կասեցրել է մրցույթը: Ու, չնայած դրան, քաղաքապետարանում աշխատող իր մերձավորների «քրտնաջանությամբ» ու քաղաքապետ Տիգրան Ավինյանի թողտվությամբ, Անի Դանիելյանը, առանց մրցույթի, հեշտ ու հանգիստ պարզապես նշանակվում է տնօրենի ժ/պ։
Այլ ձևակերպմամբ, օդից՝ տնօրենի աթոռին:
Այս դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր քաղաքապետարանը տնօրենի ձևական մրցույթ հայտարարում, եթե այնուամենայնիվ, վերջում պետք է նշանակվեր ինչ-որ մեկի «ֆավորիտը»:
Աշակերտներից մեզ պատմել են, որ դպրոցում շրջում են ինչ-որ երիտասարդներ ու փորձում «վերահսկել» իրավիճակն ու հավանաբար կանխել հնարավոր բունտերը: Անծանոթ երիտասարդների «շնորհքով ներխուժումը» դպրոց ավելորդ լարվածություն է առաջացրել, որի պայմաննրում պարզապես հնարավոր չէ արդյունավետ դասապրոցես իրականացնել:
Դա մի կողմից: Մյուս կողմից էլ նորահայտ ժ/պ-ն է սպառնում նախկին տնօրենի աջակից ուսուցիչներին: Ասում են՝ նա նաև իր նախկին դպրոցում աշխատող որոշ ուսուցիչների խոստացել է, որ հենց հիմնավորվի՝ իրենց էլ քաղաքի կենտրոն կիջեցնի:
Այս ամենի ֆոնին, ծնողները չեն նստել ձեռքները ծալած: Նրանք գրությամբ պատրաստվում են դիմել քաղաքապետարան՝ պահանջելով վերանայել դպրոցի տնօրենի փոփոխության վերաբերյալ կայացված որոշումը և վերականգնել նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանին իր պաշտոնում։
Ստորև ներկայացնում ենք ծնողների դիմում-խնդրանքը՝ ուղղված քաղաքապետարանին:
Արմինե Մկրտումյան
![]()
![]()