Հայ և ադրբեջանցի փորձագետները միասին մասնակցել են Ճապոնիայում կայացած տարածաշրջանային հարցերով քննարկմանը
Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ներկայացուցիչները մասնակցել են «Ճապոնիայի և Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական հեռանկարները» թեմայով կլոր սեղանի քննարկմանը։
Ծրագիրն ուղղված էր ռազմավարական աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող Հարավային Կովկասում կայունության և ինքնուրույն զարգացման խթանմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների հետ Ճապոնիայի հարաբերությունների ամրապնդմանը։
Մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման մարտահրավերներն ու հեռանկարները, տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման և տնտեսական զարգացման հնարավորությունները, ինչպես նաև Ճապոնիայի և տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Հանդիպմանը Ադրբեջանը ներկայացրել է Կովկասի քաղաքականության վերլուծության կենտրոնի տնօրեն Ահմեդ Ալիլին, Հայաստանը՝ Հայկական խորհրդի նախագահ Արեգ Քոչինյանը, իսկ Վրաստանը՝ Իլիայի պետական համալսարանի դոցենտ և Ճապոնական կենտրոնի ղեկավար Ջաբա Մեսխիշվիլին։