Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կվերապահվեն․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Պաշտպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում։ Նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ռազմական ոստիկանության առջև դրված խնդիրները լուծելու, հանցագործություններին արագ հակազդելու և արդյունավետ հետաքննություն իրականացնելու անհրաժեշտությամբ:
«Ռազմական ոստիկանության մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է ռազմական ոստիկանության խնդիրները, որի համաձայն ռազմական ոստիկանությունը օրենքին համապատասխան ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաև այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին, զինծառայողի կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը և խափանումը, ինչպես նաև հայտնաբերումը և բացահայտումը, և պաշտպանության նախարարությանը ամրակցված պետական գույքի պահպանությունը և այդ գույքի դեմ ուղղված հակաիրավական գործողությունների հայտնաբերումը, խափանումը և բացահայտումը և այլն:
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն` ռազմական ոստիկանությունն իրավունք ունի օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնել օպերատիվհետախուզական գործունեություն, իսկ քրեական վարույթի շրջանակներում օրենքով նախատեսված դեպքերում և կարգով կատարել հետաքննություն:
Օրենքի ներկայիս կարգավորումները և տրամադրված գործիքակազմը բավարար չէ ռազմական ոստիկանության թե՛ որպես օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին, թե՛ որպես հետաքննության մարմին իր առջև դրված խնդիրները լուծելու, հանցագործություններին արագ հակազդելու և արդյունավետ հետաքննություն իրականացնելու համար:
Մասնավորապես, տարեցտարի փոխվում են հանցագործությունների տեսակները և դրանց կատարման եղանակները, ձևերը, մեթոդները, ինչպես նաև դրանք կատարելու, կազմակերպելու, հանցագործության հետքերը թաքցնելու կամ պարտակելու ընթացքում օգտագործվում են տարբեր տեսակի տեխնիկական միջոցներ, այդ թվում՝ բջջային կամ ինտերնետային կապ, ինչն իր բացասական ազդեցությունն է ունենում հանցագործությունների ժամանակին կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման աշխատանքների վրա:
Մի շարք ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, որոնք ունեն բարձր լատենտայնություն (օրինակ՝ թմրամիջոցների, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառություն, զինվորական ունեցվածքի հափշտակություններ և այլն) կամ կատարվում են պաշտոնատար անձանց կողմից, հմուտ թաքցնում են իրենց կողմից կատարվող հանցագործությունների հետքերը, գործում են կազմակերպված բարդ սխեմաներով և նախապես համաձայնեցված փոխշահավետ պայմաններով (օրինակ՝ իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, զինվորական ունեցվածքի հափշտակության դեպքերը և այլն):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանցագործությունների ժամանակին հայտնաբերման և բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ և օգտագործել «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված միջոցառումների ողջ գործիքակազմը, անհրաժեշտություն է առաջացել օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում ռազմական ոստիկանությանը ևս իրավունք կվերապահվի իրականացնել «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:
Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հնարավորությունը թույլ կտա ռազմական ոստիկանությանը կանխել, խափանել, հայտնաբերել և բացահայտել Զինված ուժերում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները (ինքնասպանության հասցնել, շորթում և այլն), ի հայտ բերել դրանց ծնող պատճառները և պայմանները (ոչ կանոնադրական հարաբերություններ, քրեական ենթամշակույթին բնորոշ բարքեր և այլն):
Ընդ որում՝ «Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը իրականացվելու է այն նույն ընդհանուր պահանջներով, ինչպես ներկայում իրականացվում է ոստիկանության, քրեակատարողական ծառայության մարմինների և հակակոռուպցիոն կոմիտեի համար:
Առաջարկվող հաջորդ փոփոխությունը վերաբերում է օրենքով ռազմական ոստիկանությանը վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետ և բազմակողմանի իրականացմանը: Միջոցառումների արդյունավետության գրավականներից մեկը դրանց իրականացման մեթոդների, միջոցների գաղտնիությունը և գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) ապահովումն է:
Առաջարկվում է օրենքում նշված ի թիվս այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների, ռազմական ոստիկանությանը իրավունք վերապահել իր խնդիրները իրականացնելու նպատակով Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաև օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում