Al Arabiya-ն բացահայտել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր գործարքի մանրամասները
ԱՄՆ-ն և Իրանը մոտենում են նախնական համաձայնության կնքմանը, որը նախատեսում է 6-9 միլիարդ դոլարի իրանական ակտիվների ապասառեցում, ուրանի հարստացման մակարդակի սահմանափակում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների վերադարձ Իրան։
Այս մասին հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի կայքում հրապարակված նյութի համաձայն՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լուրջ բանակցային գործընթացը վերսկսվել է Կատարի և Պակիստանի համատեղ նախաձեռնության շնորհիվ։
Աղբյուրների տեղեկություններով՝ հնարավոր գործարքի շրջանակում ԱՄՆ-ն համաձայնել է թույլատրել Իրանին ուրանը հարստացնել մինչև 3,67 տոկոս մակարդակի, ինչին համաձայնել է նաև Թեհրանը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պահանջում է նվազեցնել ուրանի հարստացման մակարդակը, որը հասել է 60 տոկոսի։ Այդ նպատակով կողմերը քննարկում են երրորդ երկրի ներգրավման հնարավորությունը։
Բացի այդ, բանակցությունները նախատեսում են նախապատրաստել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչների վերադարձը Իրան։ Սակայն նրանց ապագա լիազորությունների շրջանակը դեռևս հստակեցված չէ։
Կարգավորման առաջարկվող պայմանների համաձայն՝ Հորմուզի նեղուցը պետք է բացվի, իսկ Իրանի ծովային շրջափակումը՝ անհապաղ վերացվի։