Վանաձորի «ԲՈՀԵՄ» կամերային թատրոնը մասնակցեց Արմավիրի «Վերելք» 2-րդ հանրապետական թատերական փառատոնին (լուսանկարներ)
Նոյեմբերի 9-ին փառատոնի շրջանակում ներկայացվեց «Վերջին հանգրվան» ներկայացումը՝ Սերգեյ Եղիկյանի բեմադրությամբ։
Ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից և դարձավ փառատոնի եզրափակիչ ներկայացումը՝ խորհրդանշելով «Վերելք» թատերական փառատոնի փակումը։
«Վերջին հանգրվան»-ը պատմում է Հայաստանից արտագաղթած մի ընտանիքի մասին, որն ապրում է ԱՄՆ-ում։ Ընտանիքի հայրը, մահից առաջ, հայտնում է իր վերջին ցանկությունը՝ թաղվել հայրենիքում։
Հոր մահից հետո մայրն ու որդին հայտնվում են հակադիր դիրքերում։ Մայրը ցանկանում է կատարել ամուսնու վերջին ցանկությունը և նրա աճյունը տեղափոխել Հայաստան, մինչդեռ որդին դեմ է՝ կանգնելով հայրենիքի, հիշողության և սեփական կյանքի միջև բարդ ընտրության առաջ։
Ներկայացումը բարձրացնում է հայրենիքից հեռանալու և վերադառնալու, ընտանիքի, հիշողության, կորստի ու ազգային արմատների հետ մարդու կապի կարևոր հարցեր։