Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին. «Հայաստանում վտանգվա՞ծ է խոսքի ազատությունը»
Գերմանական Deutsche Welle-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանքին։
Հոկտեմբերի սկզբին ձերբակալվել, ապա կալանավորվել է Հայաստանի ընդդիմադիր «Ադեկվադ» կուսակցության առաջնորդ Արթուր Դանիելյանը՝ Նիկոլ Փաշինյանին քննադատող ֆեյսբուքյան գրառման պատճառով։
Դանիելյանին կալանավորելու հիմք են դարձել ֆեյսբուքյան այն հրապարակումները, որոնցում նա քննադատել է ինչպես Փաշինյանին, այնպես էլ երկրի անվտանգության ծառայություններին։
Վիճահարույց հարցերից մեկը վերաբերում էր Փաշինյանի դիրքորոշմանը՝ գերիների հնարավոր փոխանակման վերաբերյալ։ Խոսքը ադրբեջանցի զինծառայողի մասին է, որը մեղադրվում է Հայաստանի Շաքի գյուղում 39-ամյա կնոջ տուն ներխուժելու, ինչպես նաև կնոջն ու նրա երեխաներին մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ։
Հայկական «Ինֆոքոմ» լրատվամիջոցին տված հարցազրույցում Փաշինյանը բացառել էր Հայաստանում ձերբակալված ադրբեջանցի զինծառայողին Ադրբեջանում պահվող հայերի հետ փոխանակելու հնարավորությունը։ Ի պատասխան՝ Դանիելյանը խիստ քննադատության էր ենթարկել վարչապետին՝ նրան անվանելով «սրիկա» և մեղադրելով իր հայրենակիցներին հայրենիք վերադարձնելու ցանկություն չունենալու մեջ։
Հայաստանի քաղաքացիական հասարակության ավելի քան մեկ տասնյակ կազմակերպություններ դատապարտել են «Ադեկվադ» կուսակցության առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդումը՝ այն որակելով «ակնհայտորեն ապօրինի, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։
«Այն պատժիչ բնույթ է կրում և ուղղակի ազդակ է հղում լայն հանրությանը՝ նպատակ ունենալով լռեցնել այլախոհությունը, քննադատական տեսակետներն ու իշխանությունների համար անցանկալի խոսքը»,– ասվում է կազմակերպությունների համատեղ հայտարարության մեջ։
Այս միջադեպը գնալով ավելի տարածված միտման դրսևորումներից մեկն է։ Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները քրեական մեղադրանքներ են առաջադրել մի շարք ընդդիմադիր գործիչների՝ հիմնականում սոցիալական ցանցերում նրանց կատարած հրապարակումների հիման վրա։
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները նախազգուշացնում են, որ ընտրովի արդարադատության նման դրսևորումները ժողովրդավարական հետընթացի մտահոգիչ ազդանշան են։
Մեկ այլ աղմկահարույց դեպք արձանագրվել է հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ակտիվիստ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր Փաշինյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հարցում վարչապետի վարած քաղաքականության շուրջ տեղի ունեցած բանավոր ընդհարումից հետո։
Միջադեպից հետո Հայաստանի դատախազությունը Օսիպյանին մեղադրանք էր առաջադրել հասարակական կարգը խախտելու և իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու համար։
Նրան նաև մեղադրանք էր առաջադրվել մարտին սոցիալական ցանցում կատարած հրապարակմամբ Փաշինյանի նկատմամբ բռնություն հրահրելու համար։
Արդյո՞ք Հայաստանում վտանգված է խոսքի ազատությունը
2020 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի քրեական օրենսգրքում ավելացվել էր 226.2-րդ հոդվածը, որով քրեական պատասխանատվություն էր սահմանվում բռնության հրապարակային կոչերի, ինչպես նաև բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար։
Քաղաքացիական հասարակության բուռն դժգոհությունից հետո համապատասխան արարքները հետագայում ապաքրեականացվեցին։
Ըստ Freedom House իրավապաշտպան կազմակերպության 2025 թվականին հրապարակված զեկույցի՝ «2020 թվականին քրեական օրենսգրքում կատարված փոփոխության հիման վրա բռնության հրահրման վերաբերյալ դատական գործերի գրեթե 95 տոկոսը վերաբերել է վարչապետ Փաշինյանի և նրա աջակիցների հասցեին հնչեցված ենթադրյալ սպառնալիքներին, մինչդեռ իշխող կուսակցության ներկայացուցիչների՝ հնարավոր է օրենքով արգելված հայտարարությունները, ըստ ամենայնի, նույնպիսի քննության չեն ենթարկվել»։
2026 թվականի նախընտրական ամբողջ ժամանակահատվածում Երևանում գործող անկախ վերլուծական կենտրոնը՝ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը, մշտադիտարկել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների նկատմամբ համացանցում տարածվող ատելության խոսքը։
Կենտրոնի զեկույցներում փաստագրվել է, թե ինչպես են իշխանամետ բլոգերներն ու սոցիալական ցանցերի ազդեցիկ օգտատերերն իրենց հարթակներն օգտագործել Ղարաբաղից տեղահանված հայերի դեմ թշնամական հռետորաբանություն տարածելու համար՝ նրանց հասցեին կիրառելով նվաստացուցիչ արտահայտություններ։
Չնայած արձանագրված փաստերին՝ Հայաստանի իրավապահ մարմինները հիմնականում ձեռնպահ են մնացել այդ ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց։
Ինչո՞ւ Եվրամիությունը չի արձագանքում
Չնայած ԵՄ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու Հայաստանի ջանքերին՝ Բրյուսելը հստակ արձագանք չի տվել ընդդիմադիր ձայների լռեցմանը, DW-ին հայտնել են Երևանում գործող դիտորդները։
«Եվրամիությունը, ընդհանուր առմամբ, որդեգրել է խիստ պրագմատիկ և աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանավորված մոտեցում»,– նշել է քաղաքական վերլուծաբան Տիգրան Գրիգորյանը։
«Հաշվի առնելով տարածաշրջանային տարբեր զարգացումները, այդ թվում՝ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները, Հայաստանն այժմ դարձել է տարածաշրջանում Եվրամիության հիմնական գործընկերը»,– հավելել է նա։
«Սրան գումարվում է այն հանգամանքը, որ Փաշինյանին այլընտրանք հանդիսացող ընդդիմությունը ռուսամետ է։ Արդյունքում՝ այս քրեական գործերին որևէ լուրջ արձագանք չի տրվում»։
Այս տեսակետը կիսում է նաև Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի Արևելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Շտեֆան Մայսթերը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը, ըստ ամենայնի, «հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի նկատմամբ Եվրոպայի վարած քաղաքականությամբ»։
«Այսպիսով, խոսքն այնքան Հայաստանի մասին չէ, որքան այն ուժերի ամրապնդման, որոնք թուլացնում են Ռուսաստանի ազդեցությունը երկրում և տարածաշրջանում»,– նշել է Մայսթերը։
Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանն օգտագործել է այս աշխարհաքաղաքական իրավիճակը՝ իր ներքաղաքական ընդդիմախոսներին որպես Ռուսաստանի ազդեցության գործակալներ ներկայացնելու համար։
Սակայն, ինչպես ընդգծել է Մայսթերը, Փաշինյանին քննադատող բոլոր գործիչները չէ, որ ռուսամետ են։
Նրա խոսքով՝ «Եվրամիությունը որոշակիորեն ընկնում է այս թակարդը՝ ընդունելով այն պատկերացումը, թե հենց այս մեկնաբանությունն է ճիշտ»։
ԵՄ. Հայաստանը պետք է կատարի ստանձնած պարտավորությունները։
Ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը և հիմնարար իրավունքները կազմում են ԵՄ–Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, ինչպես նաև ԵՄ–Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգի առանցքը։ Այս մասին DW-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել է Եվրամիության խոսնակը։
ԵՄ ներկայացուցիչը նաև ընդգծել է.
«Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, այդ թվում՝ քրեական հետաքննություններին առնչվող գործընթացներին։ Հայաստանի միջազգային պարտավորություններին և իրավական համակարգին համապատասխան՝ նման հետաքննությունները պետք է իրականացվեն անկախ և անկողմնակալ կերպով՝ զերծ քաղաքական նկատառումներից»։
Հոդվածի բնօրինակը հրապարակվել է Deutsche Welle (DW) լրատվամիջոցում՝ 2026 թվականի նոյեմբերի 7-ին։ Հեղինակ՝ Լուսինե Ոսկանյան։
Կարդալ բնօրինակը