Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հիմնված են եղբայրության անխզելի կապերի, ընդհանուր պատմության և համերաշխության վրա, իսկ երկու երկրների միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման։
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին Էրդողանը հայտարարել է լրագրողների հարցերին պատասխանելիս՝ Ադրբեջանի այցից վերադառնալիս ինքնաթիռում։
Էրդողանի խոսքով՝ այցի ընթացքում երկու երկրների միասնության և համախմբվածության վերաբերյալ վճռական ուղերձներ են հնչեցվել։
«Թուրքիան և Ադրբեջանը երկու եղբայրական երկրներ են՝ կապված անխզելի կապերով։ Չնայած պառակտում սերմանող ուժերի փորձերին՝ մենք մեր համագործակցությունը պսակել ենք էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների ոլորտներում բազմաթիվ ռազմավարական մեգանախագծերի իրականացմամբ։ Հուսով եմ՝ նոր քայլերով էլ ավելի կամրապնդենք մեր համերաշխությունը», — հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերն ու տարածաշրջանային վերջին զարգացումները։