Հարավային Կովկասի խնդիրները պետք է լուծվեն առանց արտաքին երկրների միջամտության. Սերգեյ Շոյգու
Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի, և դրանում առանցքային դերերից մեկը խաղում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը։
Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հարավային Կովկասում իրավիճակը բարելավման միտում ունի՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Վրաստանի՝ ազգային շահերի պաշտպանությանն ուղղված քաղաքականության շնորհիվ», — ասել է նա Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ ամենամյա հանդիպման ժամանակ։
Շոյգուն ընդգծել է, որ 2024 թվականին Վրաստանի իշխանություններին գործնականում հաջողվել է կանխել արևմտամետ ընդդիմության նախաձեռնած պետական հեղաշրջումը։
«Ընդգծում եմ, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ առանց արտաքին երկրների միջամտության», — նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։