Կրքեր են նաև Հայաստանի ՍԴ շուրջ. վերլուծաբան
«Կրքեր են ոչ միայն Լեհաստանի Սահմանադրական դատարանի շուրջ, այլ նաև Հայաստանի։ Իհարկե այնպիսին չեն, ինչպես Լեհաստանում, որովհետև Հայաստանում նախագահը պարզապես իշխող կուսակցության դե ֆակտո կցորդ է, ֆունկցիոներ, այլ ոչ թե իշխանության առանձին ինստիտուտ։ Հարցն այն է, որ Հայաստանի ՍԴ նախագահի ընտրության գործընթացում արտացոլվեց ներիշխանական–ներհամակարգային դիմակայություն, որ առկա է թերևս Նիկոլ Փաշինյանի և իշխանության այսպես ասած «արևւմտամետ–եվրոպական» թևի միջև»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։
Նա շարունակում է.
«Ինչպես հայտնի է, մի քանի փորձից հետո ՍԴ նախագահ ընտրվեց ՔՊ նախկին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Մյուս թեկնածուն դատավոր, ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանն էր, որը դժգոհ էր ընտրությունից և նույնիսկ հայտարարեց, թե «արդյո՞ք դրա համար էր ՍԴ վերաբերյալ 2020 թվականի փոփոխությունները», ինչը ըստ էության կարող ենք «թարգմանել»՝ արդյո՞ք դրա համար էր 2018 թվականի «հեղափոխությունը»։
Ընդ որում, Շաթիրյանին աջակցություն հայտնեցին որոշ շրջանակներ, որոնք իշխանամերձ են, բայց նաև «եվրոպամերձ» և գործում են եվրոպական, արեւմտյան դրամաշնորհներով։
Ես բազմիցս խոսել եմ, հատկապես վերջին օրերին, որ Արևմուտքում այսպես ասած լիբերալ–գլոբալիստական թևը, այդ թվում եվրոպական վերնախավը բավականին դժգոհ է Նիկոլ Փաշինյանից։ Ըստ էության, մենք դա տեսնում ենք նաև ՍԴ նախագահի ընտրության պրոցեսի վերաբերյալ հնչող գնահատականներից։
Ընդ որում հասկանալի է, որ այստեղ խոսք անգամ լինել չի կարող դատական անկախության և այլնի մասին, որովհետև, երբ Նիկոլ Փաշինյանը ըստ էության իր քաղաքական կամքով վերաձևում էր ՍԴ–ն, այսօր ՍԴ նախագահի ընտրությունից դժգոհ այդ շրջանակները հանգիստ աջակցում էին նրան։
Սա շատ ուշագրավ պատկեր է, որին պետք է հետևել»։