«Ընտրողների նկատմամբ ճնշումները բացարձակապես անընդունելի են». Փաշինյան
Մեր տեսլականն է, որ Հայաստանը դառնա կոռուպցիայից զերծ պետություն, Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 5-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև դա է բխում մեր պետության ու ժողովրդի շահերից»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց, թե ինքը չի ուզում դատավորի դեր ստանձնել իրավապահ մարմինների տարբեր ճյուղերի միջև, բայց պետք է պարզաբանվի, թե ինչու է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված գործը դատարանում ավարտվում արդարացմամբ։
«Ի վերջո, մենք պետք է պատասխան ստանանք»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կատարելապես ու բացարձակապես անընդունելի է ՀՀ քաղաքացու քաղաքական կամքի արտահայտման վրա որևէ ճնշման գործադրումը։
«Ընտրակաշառքը, վարչական ռեսուրսների չարաշահումը, մարդկանց նկատմամբ ճնշումները, էլ չեմ ասում մարդկանց քվեարկության հետ կապված որևէ ձևով ահաբեկելը կամ վախեցնելը, կամ աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջացնելը բացարձակապես անընդունելի երևույթներ են, Հայաստանի ժողովրդի ազատ կամարտահայտությունը մեզ համար հիմնարար ու բացարձակ արժեք է»,- հավատացրեց նա։