Ջրվեժի աղբավայրի գործունեությունը կասեցվել է, տնօրենը տուգանվել է 5,4 մլն դրամով
Կոտայքի մարզի Ջրվեժի աղբավայրում հայտնաբերված խախտումների պատճառով «Անկոլո» ՍՊԸ-ի գործունեությունը կասեցնելու որոշում է կայացվել, իսկ ընկերության տնօրենը տուգանվել է 5 մլն 430 հազար դրամով։ Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Տեսչական մարմինը պարազաբանել է, որ ստուգումն իրականացրել է «Հետք» լրատվական կայքի հրապարակումների, պետական գերատեսչությունների գրությունների և քաղաքացիների բողոքների հիման վրա։
Պարզվել է, որ ընկերությունը համայնքից վարձակալած 1 հա տարածքում աղբի հարթեցման և թաղման աշխատանքներ է իրականացրել առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացության։
Մյուս՝ 2 հա տարածքում, ըստ ՎՏԱՄ–ի, ընկերությունն ունեցել է աղբավայր շահագործելու թույլտվություն, սակայն չի պահպանել դրանով սահմանված բոլոր բնապահպանական պահանջները։ Մասնավորապես, աղբը պատշաճ չի ծածկվել մեկուսիչ հողի շերտով, չեն նախատեսվել անձրևաջրերի և զտվածքի հավաքման ու հեռացման կառույցներ։
Բացի այդ, ստուգմամբ պարզվել է, որ Ջրվեժ գյուղում 1404 քմ գյուղատնտեսական նշանակության հողատարածք լցվել և հարթեցվել է աղբով՝ վնաս պատճառելով հողային ռեսուրսներին։
ԲԸՏՄ-ն ընկերությունից պահանջել է փոխհատուցել պատճառված վնասը՝ 26 535 դրամի չափով, ինչպես նաև սահմանված ժամկետում վերացնել արձանագրված խախտումները։
Տեսչական մարմինը գործունեությունը կասեցնելու որոշումն ուղարկվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դրա կատարումն ապահովելու նպատակով։