Ռուս-ուկրաինական խաղաղության համաձայնագրից հետո կփոխվի Ուկրաինայի քարտեզը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS News հեռուստաալիքի «60 Minutes» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում մի շարք հայտարարություններ է արել Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի վերաբերյալ։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ խաղաղության համաձայնագիրը կարող է շուտով կնքվել։ Նրա հայտարարությունները մեջբերում է РБК-Украина-ն։
Հարցազրույցի ընթացքում լրագրողը հիշեցրել է, որ Թրամփը, իշխանության գալով, խոստացել էր հասնել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, սակայն պատերազմը շարունակվում է։ Այդ կապակցությամբ հաղորդավարը հարցրել է, թե որն է խաղաղության հաստատման գլխավոր խոչընդոտը։
«Զելենսկու և Պուտինի միջև ատելությունը... Եթե ես նախագահ լինեի, այս պատերազմը երբեք չէր սկսվի։ Ոչ մի շանս։ Բայց այն սկսվեց, և ես ժառանգեցի այդ պատերազմը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք համաձայնագրի կնքմանը», — պատասխանել է Թրամփը։
Հարցին, թե արդյոք ակնկալում է, որ ամեն ինչ կավարտվի ազատ և անկախ Ուկրաինայի պահպանմամբ, Թրամփը հիշատակել է նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում կայանալիք՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների եռակողմ բանակցությունները և հայտարարել.
«Կարծում եմ՝ մենք համաձայնության կգանք, և կարծում եմ՝ դա տեղի կունենա։ Ի վերջո, Ուկրաինան որոշակիորեն այլ տեսք կունենա։ Լսեք, այս պատերազմն ընդհանրապես չպետք է սկսվեր։ Եթե ես նախագահ լինեի, այն երբեք չէր սկսվի»։
ԱՄՆ նախագահը չի հստակեցրել՝ արդյոք նկատի ունի տարածքային զիջումներ, թե մեկ այլ հանգամանք։