Արցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում է
Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 հազար քաղաքացի պետության աջակցությամբ Հայաստանում անշարժ գույք է ձեռք բերել կամ գտնվում է բնակարանի կառուցման փուլում։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտնել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նրա խոսքով՝ բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրով արդեն հաստատվել է 9042 ընտանիքի հավաստագիր, որոնք ընդգրկում են շուրջ 37 հազար մարդու։ Դրանցից 5372 ընտանիք արդեն իրացրել է հավաստագիրը։
«Այս պահին բավականին ակտիվ շրջան է՝ թե՛ դիմելիության, թե՛ հավաստագրերի իրացման առումով»,– նշել է Ղարագյոզյանը։
Նախարարության պաշտոնյան հավելել է, որ հավաստագիր ստացած ընտանիքներից 396-ն ընտրել է բնակարանի կառուցման տարբերակը, որոնցից 107-ն արդեն իրացրել է հավաստագիրը։
«Սակայն հիմա ունենք մի իրավիճակ, որ երկրորդային շուկայում պատրաստի տները կարծես սպառվել են, և մեր շահառուների մեծ մասն այլևս ապավինում է կառուցապատման բաղադրիչին»,– ասաց նա։
Ղարագյոզյանը մանրամասնեց, որ ամենաշատ հավաստագրերն իրացվել են Կոտայքի մարզում։ Ըստ ներկայացված տվյալների՝ այնտեղ բնակարան է ձեռք բերել 1534 ընտանիք։ Հաջորդում են Արմավիրի և Արարատի մարզերը՝ համապատասխանաբար 830 և 740 ընտանիքով։ Երևանում հավաստագիր է իրացրել 537 ընտանիք։
«Լոռին և Սյունիքը՝ 442 և 264 ցուցանիշով, Գեղարքունիքում ունենք 204 ընտանիք, Շիրակում՝ 191, Արագածոտնում՝ 184, Տավուշում՝ 111, Վայոց Ձորում՝ 74 ընտանիք, որոնք իրացրել են հավաստագրերը»,– շարունակեց Ղարագոզյանը։
Անդրադառնալով անշարժ գույքի գների բարձրացման վերաբերյալ մտահոգություններին՝ նա նշեց, թե խնդիրը հիմնականում վերաբերում է Երևանին, որտեղ ծրագրով նախատեսված աջակցության չափը յուրաքանչյուր ընտանիքի անդամի հաշվով 3 մլն դրամ է։
Սակայն անշարժ գույքի գների բարձացումը Ղարագոզյանը ծրագրի խնդիր չհամարեց` ընդգծելով, որ կառավարությունը որևէ ծրագրով երևբեք չի խրախուսել Երևանում անշարժ գույք ձեռք բերելը։
Հիշեցնենք՝ ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։