Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում. Սերգեյ Կոպիրկին
Ռուսաստանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում։
Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Մենք ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության բավականին մեծ փորձ ունենք՝ ինչպես տեխնիկական, այնպես էլ նյութական առումով։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել այդ համագործակցությունը»,- ասել է նա։
Անդրադառնալով անվտանգության ոլորտում Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության նկատմամբ վստահության կորստին և դրա վերականգնման հնարավորությանը՝ Կոպիրկինը նշել է. «Կարծում եմ՝ դա հնարավոր է։ Ես չէի ցանկանա այս հարցում ծայրահեղ հոռետեսությանը տրվել։ Սակայն, իհարկե, դա կախված կլինի կողմերի քաղաքական կամքից»։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում և աշխարհում փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակի համատեքստում անհրաժեշտ է վերանայել կողմերի համագործակցության ձևաչափերը։
«Իհարկե, հարցեր են առաջացել։ Իրավիճակը փոխվել է և շարունակում է փոխվել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ աշխարհում։ Դա պահանջում է հարմարվողականություն։ Այս փուլում, երբ տեղի է ունենում վերափոխում, նման հարցեր են առաջանում։ Դա կարելի է մեկնաբանել տարբեր կերպ՝ որպես վստահության անկում, կասկածների առաջացում կամ քաղաքական կուրսի վերակարգավորում։ Սա օբյեկտիվ գործընթաց է»,- նշել է դեսպանը։