Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։
2020 թվականի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի (Վ.Վ. Պուտին), Ադրբեջանի (Ի.Գ. Ալիև) և Հայաստանի (Ն.Վ. Փաշինյան) ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը հայտարարեց լիակատար հրադադարի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին։ Սրանք «վերացական քայլեր» չէին, այլ կոնկրետ, արդյունավետ միջոցառումներ, որոնց նախորդել էին բարձր մակարդակով բազմաթիվ շփումներ։
2021–2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի մի շարք եռակողմ պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում հաստատվեց խաղաղություն։ Մշակվեց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզ», որը ներառում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակումը, տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը և հումանիտար խնդիրների լուծումը։
Հարկ է ընդգծել, որ այս բոլոր պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ. կողմերից ոչ մեկը չի հայտարարել դրանցից դուրս գալու մտադրության մասին։ Ներկայումս Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը, որոնք այժմ նախընտրում են ուղղակիորեն շփվել, առաջ է ընթանում՝ մասամբ հիմնվելով ռուս միջնորդների առաջարկությունների վրա։
Կարելի է նաև հիշեցնել Սիմոնյանին Պրահայի մասին, կամ ավելի ստույգ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ից 7-ը, երբ Եվրոպական միության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովում Ն․ Վ․ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի Հանրապետության տարածքի մաս։
Խոսել Ռուսաստանի կողմից «արդյունավետ քայլերի» բացակայության մասին՝ միաժամանակ նսեմացնելով ռուս խաղաղապահների ջանքերն ու զոհողությունները, նշանակում է աղավաղել ճշմարտությունը»։