ՀՀ որոշ ՔԿՀ-ներում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են․ Լիլիթ Գալստյան
ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր քրեակատարողական հիմնարկներ՝ անազատության մեջ գտնվող անձանց պահպանման պայմանները, նրանց իրավունքերին առնչվող խնդիրները դիտարկելու նպատակով։
Պատահական չէ, որ Նուբարաշենին անդրադարձել են հենց ԵԽ խոշտանգումների կանխարգելման (CPT 2023) և ՄԱԿ-ի կոմիտեները/2024/ և կացությունը գնահատել ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՈՒՑԻՉ։
Ընդհանուր կացությունն այնքան անընդունելի է, որ մասնակի կամ հատվածական նորոգումներով/խոհանոցն ու ադմինիստրատիվ շենքերը մասնակի նորոգված էին/ իրավիճակը հնարավոր չէ փոխել։
Խնդրի լուծումն ուղղակի ՀՐԱՏԱՊ է, պետական առաջնահերթություն։
Պետության անմիջական և անհետաձգելի պարտականությունն է սեփական քաղաքացիների՝ ծառայություն իրականացնողների, նաև դատապարտված կամ կալանավորվածների կյանքի իրավունքի և արժանապատվության երաշխավորումը։
ԱԲՈՎՅԱՆ/ կանանց և անչափահասների ՔԿՀ/․ այստեղ պայմանները բարվոք են, ակնհայտորեն մաքուր, բարեկարգ տարածքով, մինչև երեք տարեկան երեխաների և նրանց մայրերի համար կենցաղային համապատասխան պայմանների առկայությամբ, անչափահասների համար կրթությունը շարունակելու, մարզվելու հնարավորությամբ։
ԱՐՄԱՎԻՐ ՔԿՀ– Այս հաստատությունը ՔԿ հիմնարկների մեջ ամենաբարեկարգն է, ուր վերջերս օդափոխության և ջրամատակարարման խնդիրներ են լուծվել։ Պահպանման պայմանները և խցերի ծանրաբեռնվածությունը հիմնականում համապատասխանում են չափանիշներին։
Նկատելի էր, որ անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման համար պայմաններ են ստեղծվել․ բարեկարգ գրադարան, ինքնագործ մարզական և մշակութային խմբեր, դահլիճ և այլն։ Դատապարտյալներից մեկն անգամ դատապարտյալների շրջանում շախմատի աշխարհի փոխչեմպիոն էր դարձել վերջ։
Այստեղ գործում է առողջապահության նախարարության ենթակայության դատապարտյալների ամբուլատորիա/ստացիոնար։
Առերևույթ բավարար պայմաններով, թեև բուժման և ծառայությունների մատչելիության վերաբերյալ գնահատականներ տալուց կխուսափեմ այս պահին։
ՍԵՎԱՆ ՔԿՀ–կառանձնացնեի կեցավայրերի/կացարանների ծանրաբեռնվածությունը/խտությունը/, լուսավորության խնդիրները, վերասոցիալականացվելու սահմանափակ հնարավորությունները։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ
ԿԱԼԱՆՔԻ ենթարկված անձանց անթույլատրելի բարձր տոկոս։ Անազատության մեջ գտնվող անձանց 41%-ը կալանավորվածներ են, որոնք չունեն դատավճիռներ։ Որոշ կալանավորվածներ մինչև 5-6 տարի զրկված են ազատությունից, կորցնում են առողջություն, այդ թվում՝ հոգեկան առողջություն, ընտանիք, արժանապատվություն, աշխատանք, երբ դեռ դատավճիռներ չկան։
Որոշ ՔԿՀ–ում կալանավորվածներն անգամ դատապարտվածներից շատ են։
Մինչդեռ միջազգային և ՀՀ օրենսդրությամբ կալանքը մարդու ազատության խափանման բացառիկ և ծայրահեղ խափանման միջոցն է։
Արձանագրվող այս պատկերը ոչ թե ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ, ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ այլ՝ արդարադատության տակ քողարկված պատժիչ և ոչ հումանիստական վարքագծի մասին է։
2025թ կալանավայրերում արձանագրված ԱՆՆԱԽԱԴԵՊ ինքնասպանությունների և մահերի պատճառների հիմքում նաև հոգեբանական խնդիրներն են, որոնք իմ համոզմամբ նաև այս պայմանների կամ անարդար և ոչ իրավաչափ կալանքի, արդար դատաքննության իրավունքի ոտնահարման հետևանք են։
ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ․ Ընդհանուր գնահատականն էր և դժգոհություն, որ այն չի գործում, մինչդեռ այն հնարավորություն է տալիս պատժի նպատակներին հասնել ոչ միայն դատապարտյալին ազատությունից զրկելու, այլև նրա ուղղման, վերասոցիալականացման և հասարակություն վերադարձնելու միջոցով։
ՀԱՄԱՆԵՐՈՒՄ․ Հայաստանում վերջին համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին։ Սա պետության կողմից մարդասիրական նկատառումներով իրականացվող իրավական ակտ է և անհասկանալի է, թե ինչու ավելի քան 8 տարի չի գործարկվել այս մեխանիզմը։
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ։ Սա համատարած խնդիր է, բոլոր հիմնարկներին բնորոշ։ Սևան և Արմավիր ՔԿՀ–ում հանդիպեցի անազատության մեջ գտնվող անձանց, որոնց պարագայում ակհնայտ էր կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակը։
Այս դեպքերի առնչությամբ գրություններ եմ պատրաստում Առողջապահության նախարարությանը և համապատասխան ստորաբաժանմանը, և կանդրադառնամ առանձին։
ԶԲՈՍԱՆՔ ԵՎ ՀԱՆՁՆՈՒՔՆԵՐ– Շատերը բարձրացրին զբոսանքի համար հատկացված մեկ ժամը երկարացնելու խնդիրը, նաև դատապարտյալներին հասանելիք 20կգ․ հանձնուքների մեջ ջուրը չներառելու անհրաժեշտությունը։
Առաջիկայում այս և այլ խնդիրներ առավել մանրամասն զեկույցով կդառնանք և կքննարկենք։
Հ․Գ․ Նկարները համացանցից; Արմավիրից և Աբովյանից կարող էին լավ նկարներ լինել, բայց նկարելու սահմանափակություն ունեինք»։