Տավուշի քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոց են հայտնաբերել․ երկու տղամարդ ձերբակալվել է
Նոյեմբերի 6-ին Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պառավաքար բնակավայրի 22-ամյա մի բնակիչ իր հորաքրոջը պատկանող չբնակեցված առանձնատանն ապօրինի զենք-զինամթերք է պահում։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ապօրինի զենք պահելու և կրելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով երիտասարդը Իջևան քաղաքի Մելիքբեկյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։
Վերջինս հայտնել է, որ առանձնատան նկուղից վերցրել է ապօրինի պահվող զենք-զինամթերքն ու թաքցրել Պառավաքարի վարչական տարածքում գտնվող խաղողի այգիներին հարակից առվակում։
Նշված վայրում հայտնաբերվել են ինքնաձիգ՝ փամփուշտներով լիցքավորված պահեստատուփով, որսորդական հրացան, տարբեր տրամաչափի փամփուշտներ և սվին-դանակներ։