«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում
«Փաստ» օրաթերթը գրում է.
Արևիկը Փայլակի ավագ քույրիկն է, նրանց տարիքային տարբերությունը երկու տարի է, և մենք զրուցում ենք եղբոր մանկության տարիներից։ «Շատ չարաճճի էր, աշխույժ ու ժիր։ Նրա ներկայությունն ամենուր զգացվում էր, ինչպես ասում են, նա ամեն տեղ կար։ Հիմա էլ ամենուր իր շունչն ու ներկայությունը զգացվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արևիկը։
Փայլակը ծնունդով Գեղարքունիքի մարզից է՝ Նորաշեն գյուղից։ Մանկությունն ու պատանեկությունը գյուղում են անցել, այստեղ է նաև դպրոց հաճախել։ «Չեմ կարող ասել՝ գերազանց, բայց լավ առաջադիմություն է ունեցել։ Սիրելի առարկաներից էր ռուսերենը, ակտիվ էր համակարգչային դասերին»։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո կրթությունը շարունակել է Սևանի բազմագործառութային պետական քոլեջում։ «Երկու տարի սովորեց և զորակոչվեց ծառայության։ Վերադառնալուց հետո պետք է շարունակեր և ավարտեր ուսումը։ Անթիվ պլաններ ուներ։ Բանակից զորացրվելուց հետո ուսումը քոլեջում շարունակելու մասին հստակ որոշում ուներ, նաև ցանկանում էր զբոսավարի մասնագիտությունը սովորել։ Օտար լեզուների հանդեպ սեր ուներ։ Ուզում էր ճանապարհորդել, երազում էր Շվեյցարիայում լինելու մասին»։
2019 թվականի հունվարի 14-ին Փայլակը զորակոչվում է ժամկետային ծառայության։ «Մայրիկս իրեն ասում էր՝ ուսումդ ավարտիր, հետո մեկնիր ծառայության։ Եղբայրս ընդդիմանում էր. «Իմ ժամանակն է, ուրեմն՝ պետք է գնամ։ Տղեն պիտի ծառայի»»։ Փայլակը վեց ամիս ծառայել է Արմավիրի ուսումնական, այնուհետև՝ Ստեփանակերտի Ցոր զորամասերում։ «Միշտ գոհ է եղել ծառայությունից։ Երբեք որևէ դժգոհություն չի հայտնել։ Սիրում էր իր ծառայությունը։ Տանկիստ էր։ Երբ Արմավիրում էր ծառայում, մեկ շաբաթով եկավ արձակուրդ, իսկ Ստեփանակերտից արդեն արձակուրդ չեկավ»։
Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ընկերներից մեկն է պատմել, որ երբ տանկերով դուրս են եկել առաջնագիծ մեկնելու, ճանապարհին տանկի հետ խնդիր է առաջացել։ Եղբայրս մեխանիկ-վարորդ էր։ Ընկերն ասում է. «Նա իր տանկն արագ կարգի է բերել, մենք ուղևորվել ենք նախ՝ Ակնա, հետո՝ Ջրական»։ Հոկտեմբերի 6-7-ին իրենց հետ են կանչել, բայց տանկը մնացել է այնտեղ։ Եղբայրս ասել է. «Ոնց ուզում է լինի, ես պետք է գնամ ու իմ տանկը բերեմ»։ Հոկտեմբերի 8-9-ին գնացել, տանկը բերել է։ Իր ընկերները մեզ ասել են, որ եղբայրս զոհվել է հոկտեմբերի 9-ին։ Հոկտեմբերի 8-ից եղբորս հետ կապ չի եղել։ Այդ օրը տղաները հավաքված են եղել մի տեղում, զրուցել են, եղբայրս ասել է՝ իմ տանկը բերեցի։ Այդ ժամանակ իրենց ուղղությամբ արկ է պայթել։ Եղբայրս բեկորային վնասվածքներ ուներ»։
Որպես Փայլակի զոհվելու օր՝ ընտանիքը հիշատակում է հոկտեմբերի 11-ը, վայրը Ջրականն է, բայց ընկերների պատմություններից ելնելով՝ կարծիք կա, որ նա զոհվել է հոկտեմբերի 9-ին։ Որդու զոհվելու բոթն ընտանիքին հասել է հոկտեմբերի 14-ին։
Փայլակը երկու քրոջ միակ եղբայրն է։ «Մեր ընտանիքին ապրեցրին իմ ու քույրիկիս երեխաները։ Երեք երեխա ես ունեմ, երեքը՝ քույրս։ Իմ երկու երեխաները հիմա մեր գյուղում են դպրոց գնում, ծնողներիս հետ են ողջ օրվա ընթացքում։ Քույրերով ուժ գտանք մեր մեջ, որ մեր ծնողների կողքին լինենք։ Ընտանիքում մեկս մյուսին թիկունք դարձանք»։
Հ. Գ. - Փայլակ Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Նորաշենի գերեզմանատանը։
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում