Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում. Խաչատրյանը՝ Պապոյանին
«Պարո՛ն Պապոյան, ինձ թվում է՝ կառավարության մեջ ներքին ճգնաժամ է հասունանում։ Դուք ասում եք՝ մեր ապրանքը շատ որակյալ է, իսկ Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ զզվելի, որ ես ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում»,- ԱԺ-ում 2027 թ բյուջեի քննարկման ժամանակ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նրանց հորդորեց կողմնորոշվել։
Նա նկատեց, որ նախորդ տարի բյուջեով դեկտեմբերի 4-ին կանխատեսվել էր 5.4 % տնտեսական աճ, բայց 26 օր հետո պարզվել էր, որ 7.2 % է աճը, 42 %-ով սխալ է եղել և հարցրեց, թե որտեղ է եղել սխալը, որ 40 %-ը չեն կարողացել հաշվարկել։
Խաչատրյանը նաև հետաքրքրվեց, թե տնտեսության որ ճյուղերով են նախատեսում կես տրիլիոն հավելյալ հարկային մուտքեր ապահովել։
Պապոյանը պնդեց, թե իրենք միշտ ասել են որ 6.5-7% է լինելու, միջազգային կառույցներն են սխալվել։
«Վարչապետին պետք չէ վերագրել մտքեր, որոնք ինքը չի ասել»,- ասաց Պապոյանը, բայց և շտապեց սրբագրել ասածը. «Հա, յուղոտ ձկան մասին ասել է»։
Նախարարը բերեց այդ հայտարարությունից հետո Փաշինյանի արած խմբագրումը, թե չի ասել, թե ձուկն անորակ է, ասել է, որ շատ յուղոտ է, որն իր դուրը չի գալիս։
Հայտնելով, որ սխալ ասած խոսքը հնարավոր չէ հետ բերել՝ Խաչատրյանը շարունակեց. «Երբ նա խոսեց յուղոտ ձկան մասին և շատերի մոտ ստամոքսի խանգարում եղավ, ձկնաբույծներն էլ սկսեցին բողոքել, ինքն ասաց, ձուկը լավ բան է, ուղղակի յուղոտ ինքը չի ուտում, բայց վնասն արդեն հասցվել էր»։
Խաչատրյանը նշելով, որ ըստ վիճակագրության արտահանումը շատ քիչ է նվազել, բայց բոլոր գյուղացիները բողոքում են, որ չեն կարողացել բերքն իրացնել, իսկ արտահանման անկումը մեղմվել է միայն պղնձի գների 40 % աճի հետևանքով։
Պապոյանը հայտարարեց, թե 2026 թվականի համեմատ ոչ մի տարի գյուղական տնտեսություններն այսքան գոհ չեն եղել կառավարությունից, քանի որ բոլոր ոլորտներում աջակցել են, հատկապես մթերումների հարցում։
«Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին ՀՀ-ի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների, և 400 հազարի փոխարեն, փողոց է դուրս եկել 400 մարդ։ Դա եղել է կառավարության ճիշտ աշխատանքի արդյունքում»,-հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։