Դատախազությունը միտումնավոր ձգձգում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործի քննությունը. Պաշտպան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով այսօրվա դատական նիստը չկայացավ։
Դատավոր Սերժ Ռուշանյանը հետաձգեց դատական նիստը՝ դատախազների բացակայության պատճառով։ Ներկա չէր եկել նաև Արման Սարոյանը։
«Մենք կարծում ենք, որ դատախազությունը միտումնավոր է նման վարքագիծ դրսևորում։ Մի քանի դատախազ է ներգրավված այս գործին, և գործն էլ ունի մեծ նշանակություն հանրության համար, կարծում եմ մեղադրող չլինելը խոսում է այն մասին, որ միտումնավոր փորձում են ձգձգել»,- ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։
Լրագրողների հետ զրույցում Արա Զոհրաբյանը նույնպես ընդգծեց, որ մեղադրող կողմը չի ներկայացել, քանի որ գործի քննությունը ձգձգելու միտում ունեն։
«Ակնհայտ է՝ Վեհափառ Հայրապետն ու մյուս եպիսկոպոսները մեղադրվում են իրենց կանոնական լիազորությունների մեջ մտնող գործողություն կատարելու համար, դա դատական ակտի խոչընդոտման հետ որևէ կապ չունի»,- ասաց Ա. Զոհրաբյանը։
Նա հիշեցրեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս ու եպիսկոպոսները չեն կարող Հայաստանից դուրս գալ, Վեհափառ Հայրապետն իր հովվական առաքելությունը չի կարող իրականացնել այլ թեմերում, այս առումով խոչընդոտված է եկեղեցու գործունեությունը։
«Այս ձգձգումն էլ, կարծում եմ, այդ անհարմարությունն ավելի երկարացնելու, ճնման տակ պահելու նպատակ է հետապնդում»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Հաջորդը նիստը նշանակվեց դեկտեմբերի 4-ին՝ 16։00-ին։