Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի նավթավերամշակման գործարանին
Տարածաշրջանի օպերատիվ շտաբի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները։
Միևնույն ժամանակ, մոնիթորինգային ալիքները հաղորդել են ռազմավարական նշանակություն ունեցող Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ հարվածի մասին՝ նշելով, որ բռնկված հրդեհից առաջացած ծխի խիտ շերտը տեսանելի է անգամ Կրասնոդարից։
Իր հերթին՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ինքնաթիռային տիպի 142 անօդաչու թռչող սարք որսալու մասին։ Գերատեսչության պնդմամբ՝ ՀՕՊ հերթապահ միջոցները գործել են ութ տարածաշրջանների՝ Կրասնոդարի երկրամասի, Կուրսկի, Բելգորոդի, Տուլայի, Օրյոլի, Ռոստովի, Աստրախանի և Մոսկվայի մարզերի, ինչպես նաև Ղրիմի, Սև և Ազովի ծովերի ջրային տարածքների երկնքում։