Ուկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցով լայնածավալ համաձայնագրի նախապատրաստման մասին, որը կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը՝ փաստաթղթերի ստորագրման արարողության ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ասում եմ ձեզ՝ համաձայնագիր կլինի։ Դա մեծ համաձայնագիր է լինելու, և այն վերաբերելու է ոչ միայն Ուկրաինային, նույնիսկ կարող եմ ասել, որ կարող է ընդգրկել ամբողջ Եվրոպան։ Դա մեծ, հրաշալի համաձայնագիր է լինելու, և բոլորը հիացած կլինեն»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը կավարտվի բավականին շուտ։
«Եթե նայենք Ռուսաստանին և Ուկրաինային, ապա խոսքը պատերազմի մասին է։ Դա պատերազմ է։ Ի դեպ, մենք բավականին շուտով կհասնենք դրա ավարտին»,- Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ Rapporteur պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Կիևի հետ քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։ Բանակցություններին մասնակցել են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։