Արաղչին և Ֆիդանը քննարկել են ԱՄՆ-ի ու Իրանի միջև հակամարտության կարգավորման հարցը
Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Աբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախարարները քննարկել են տարածաշրջանի վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային կայունության պահպանմանն ուղղված դիվանագիտական նախաձեռնությունները։
Anadolu գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հակամարտության կարգավորման շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներին։
Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Անկարան և Թեհրանը պահպանում են բարիդրացիական հարաբերություններ։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ կողմ են ամերիկա-իրանական հակամարտության կարգավորմանը և առաջարկել են միջնորդի դեր ստանձնել Վաշինգտոնի ու Թեհրանի բանակցային գործընթացում։