Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թ.-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է հրաժարական տալ՝ 2028 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Independent պարբերականը։
Պարբերականի աղբյուրներից մեկի խոսքով՝ այս պահին Ռուբիոն հանրապետականների շրջանում նախագահի թեկնածուի առաջադրման գլխավոր հավակնորդն է և առաջ է անցնում Վենսից։ Սակայն պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում նա չի կարող առաջադրվել, իսկ Թրամփի վարչակազմի հետ կապը կարող է վնասել նրա հեռանկարներին։
The Independent-ի տվյալներով՝ հանրապետականների ընտրական պարտության պատճառներից մեկը Իրանի դեմ շարունակվող պատերազմն է։ Պարբերականը նշում է, որ Ռուբիոն վերջին շրջանում ավելի զուսպ դիրքորոշում է որդեգրել Իրանի հարցում, ինչը կարող է նպաստել նախագահական մրցապայքարին նրա մասնակցությանը։
Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ում ավարտվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները։ Ամերիկացիներն ընտրել են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին և Սենատի 35 անդամների։ Մինչև քվեարկությունը հանրապետականներն ունեին չնչին մեծամասնություն Ներկայացուցիչների պալատում՝ 218 տեղ՝ դեմոկրատների 214-ի դիմաց։
CNN-ի տվյալներով՝ այս պահին դեմոկրատները ստանում են 245, իսկ հանրապետականները՝ 147 մանդատ։ Ձայների հաշվարկը դեռ շարունակվում է։
Հուլիսին Axios-ը գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ու ավելի է հակվում այն տարբերակին, որ իր քաղաքական ժառանգորդը լինի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Միևնույն ժամանակ, աղբյուրներից մեկի պնդմամբ՝ Մարկո Ռուբիոյի մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին այդ ժամանակ արդեն քիչ հավանական էր թվում, թեև ինքը՝ Ռուբիոն, չէր ծրագրել առաջադրվել։
Նոյեմբերի 5-ին The Washington Sun-ը գրել է, որ Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում կարող է փոխարինել Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը։ Պարբերականի տվյալներով՝ Թրամփի հետ նրա սերտ կապերն ու բարձր մակարդակի հանդիպումներին մասնակցությունը նրան ազդեցություն են տալիս դեսպանի պաշտոնի շրջանակներից դուրս։