Պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ
Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 7-ն անցկացվում է պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունը, որին մասնակցում են 66 երկրների մարզիկներ։ Հայաստանից առաջնությանը մասնակցում են Հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի վեց մարզիկ, ինչպես նաև երկու մարզիչ։
մինչև 80 կգ քաշային կարգում, նստած սպորտային դասակարգմամբ, Սարգիս Ստեփանյանը ձախ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ՝ դառնալով աշխարհի չեմպիոն։ Սա նրա՝ աշխարհի չեմպիոնի հինգերորդ տիտղոսն էր։
Մինչև 55 կգ քաշային կարգում Սարգիս Հարությունյանն աջ ձեռքով նվաճել է ոսկե մեդալ, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալ։
Մինչև 65 կգ քաշային կարգում Շահեն Բաբայանը ձախ և աջ ձեռքերով նվաճել է արծաթե մեդալներ։
Հավաքականի մարզումային գործընթացը և աշխարհի առաջնությանը նախապատրաստումը ղեկավարել է գլխավոր մարզիչ Գևորգ Ստեփանյանը։ Կարևոր ներդրումն է ունեցել նաև ավագ մարզիչ Ոսկան Մարգարյանը՝ իր փորձով ու աջակցությամբ նպաստելով թիմի կազմակերպված աշխատանքին։
Հայաստանի պատվիրակության մասնակցությունն աշխարհի առաջնությանը հնարավոր է դարձել նաև աջակիցների և գործընկերների ներդրման շնորհիվ։ «Հայաստանի վետերաններ» հիմնադրամը հոգացել է երեք մասնակցի մասնակցության ծախսերը, «Հրայր Հովնանյան ընտանեկան հիմնադրամը» հովանավորել է չորս մասնակցի մասնակցության ծախսերը, իսկ Վահան Խորխոռունին ապահովել է Հայաստանի հավաքականի պաշտոնական համազգեստը։