63-72 տարեկանների համար բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր իրականացվի. կառավարությունը հաստատեց
«Դիմումատու քաղաքացիները կկարողանան անվճար մասնակցել բազային ձեռնարկատիրական գիտելիքների ստացման դասընթացներին, ձեռք բերել այն անհրաժեշտ պաշարը, որը բավարար կլինի սեփական գործը սկսելու համար»,-կ առավարության նիստում ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը՝ զեկուցելով 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիրը։
Ըստ փոխնախարարի՝ թիրախային խմբին աջակցություն կտրամադրվի հենց սեփական գործարար ծրագիրը մշակելու հարցում։
Ունենալով կրթական մասով հավաստագիր և սեփական գործարար ծրագիր՝ Խաչատրյանի խոսքով, նրանք կդիմեն տեղական բանկերին, որոնք կմասնակցեն նշված ծրագրին, և կստանան պետական աջակցությունը, որը վարկային ֆինանսավորում չի լինի, այլ պետական աջակցություն կտրամադրվի, և ծրագրի պայմանների պահպանման դեպքում գումարի վերադարձման խնդիր չի լինի։
«Տրամադրվող ֆինանսավորումը մինչև 2 մլն դրամ է։ Ծրագիրը նախատեսված է առնվազն 400 անձի համար՝ ուսումնական մասով, և նրանցից ընտրված 200 անձի համար՝ արդեն ֆինանսավորման տրամադրման մասով։ Ծրագիրն իրականացվելու է պիլոտային տրամաբանությամբ։ Մեկ տարվա աշխատանքի արդյունքում կփորձենք ամփոփել տվյալները, գնահատել ծրագրի արդյունավետությունը և հասկանալ ծրագրի իրականացման մասով հետագա քայլերը»,- ասաց փոխնախարարը։
Նիկոլ Փաշինյանը հավանություն տվեց ծրագրին: