Ո՞վ էր տեսել, որ պլանային ջրանջատման պատճառով հիմնարկներ փակվեին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել էր, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 3-ին, ժամը 10:00-ից մինչեւ նոյեմբերի 4-ի ժամը 22:00-ն կդադարեցվի Երևանի և Կոտայքի մարզի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը․ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ զանգվածների՝ ամբողջությամբ, «Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, պաշտպանության նախարարության շենքի, Նորք-Մարաշ վարչական շրջանի, Ավան վարչական շրջանի, Էրեբունի վարչական շրջանի Վարդաշենի 1-12, Մուշավանի 1-10, Սարի թաղի 1-28, Դավիթ Բեկի փողոցների եւ նրբանցքների, Կոտայքի մարզի Մայակովսկի, Արամուս, Կաթնաղբյուր գյուղերի, Ջրվեժ գյուղն ամբողջությամբ, Ա, Բ, Բագրեւանդ, Մայակ եւ Բանավան թաղամասերի, Առինջ գյուղի Դուրյան, Վ. Տերյան, Պ. Սեւակի, Խ.Աբովյան, Մհեր Մկրտչյան թաղամասերի:
Այս ջրանջատման պատճառով նշված հասցեներում գործող դպրոցները, մանկապարտեզները 2 օրով փակվել են, դասապրոցեսը կազմակերպվել է հեռավար։ Բայց ջրանջատումն իսկական քաոս է առաջացրել բժշկական հիմնարկներում, պոլիկլինիկաներում, որտեղ բժիշկները, բուժառուները հնարավորություն չունեն օգտվելու սանհանգույցից, ձեռքերը լվանալու եւ այլն։ Սա աննախադեպ իրավիճակ է, որը երբեւէ չի եղել Հայաստանում։ Ինչու պետք է պլանային ջրանջատումն այսքան երկար տեւի, եւ դրա պատճառով խաթարվի բնականոն կյանքը։
Մենք «Վեոլիա ջուր» ընկերության հանրային կապերի եւ լրատվության պատասխանատու Կարինե Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ հնարավոր չէ՞ր ջրանջատումն իրականացնել գոնե շաբաթ-կիրակի օրերին, չէ՞ որ դա պլանային է, ոչ թե վթարային։ Ի պատասխան՝ մեզ հայտնեցին․ «Օրերի ընտրությունը պայմանավորված է ՋՄՕԿ-ով, այն թույլ չի տալիս մեզ շաբաթ եւ կիրակի օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրանջատում իրականացնել։ Այս պահին աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ նախապես հայտարարված ժամին ջրամատակարարումը կվերականգնվի»։ Հարցին, թե ինչով է պայմանավորված պլանային ջրանջատման նման երկար տեւողությունը, գուցե հարակից վթարնե՞ր են եղել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Պլանային աշխատանքը նշանակում է, որ մենք տեսնում ենք վթար, բայց որը հենց այդ պահին վերացնել հնարավոր չէ, կամ մենք կարող ենք կանխարգելիչ ինչ-որ աշխատանքներ իրականացնել եւ պլանային դարձնել այս աշխատանքը։ Իսկ 36 ժամանոց ջրանջատում հայտարարվել է, քանի որ մենք ունենք 1000 միլիմետրանոց Կաթնաղբյուրի ջրատար, որի դատարկելը եւ լցնելը երկար ժամանակ է պահանջում, այսինքն՝ 36 ժամը չպետք է դիտարկել բուն գործողությունների ժամանակ։ Այս ժամանակի մեջ իրականացվում է ե՛ւ դատարկվելը, ե՛ւ աշխատանքները, ե՛ւ ջրատարի լցվելը, որն իր մեջ ներառում է նաեւ ամբարի լցվելը եւ դեպի բաշխիչ ցանց ջուրն ուղղելը։ Մասնագետները զուգահեռաբար աշխատում են ջրատարի տարբեր հատվածներում՝ վերացնում են առկա վթարները եւ ամբողջությամբ վերակառուցում են ջրատարի՝ նախկինում հաճախակի վթարվող հատվածը, որը միացվում է մայր համակարգին։ Մենք այս աշխատանքները մի ջրանջատման ընթացքում փորձեցինք անել, որպեսզի պարբերաբար ջրանջատում չիրականացնենք»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում