Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում.«Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ Ազգային ժողովում ուժային կառույցների ներկայացուցիչները փակ ռեժիմով ներկայացրել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։
Խորհրդարանական քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Քրիստինե Գրիգորյանը և ուժային կառույցների այլ ներկայացուցիչներ։
Ուժային կառույցների բյուջետային քննարկումները, ինչպես հայտնի է, հիմնականում անցնում են փակ ռեժիմով։ Պատճառը ներկայացվող ծախսերի գաղտնի բնույթն է, սակայն փակ դռների հետևում քննարկվող հարցերի բովանդակությունն ու դրանց պատասխանները հանրության համար շարունակում են անհասանելի մնալ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա քննարկմանը հիմնական հարցերը ուժային կառույցների ղեկավարներին ուղղել են ընդդիմադիր պատգամավորները։ Իշխանական պատգամավորների մասնակցությունը, մեր տեղեկություններով, բավական սահմանափակ է եղել։ Քննարկմանը ներկա են եղել պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Արմեն Խաչատրյանը և Արփի Դավոյանը։ Անգամ, մեր տեղեկություններով, Վիլեն Գաբրիելյանը վրդովված է եղել իշխանականների պասիվ ներկայությունից, որ պատգամավորները մենակ են թողել ուժայինների ղեկավարներին։
Հատկանշական է, որ քննարկմանը մասնակցելու համար պատգամավորները պետք է ունենան պետական գաղտնիքի համապատասխան թույլտվություն։
Մեր տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը սկզբում ներկա է եղել Սուրեն Պապիկյանի զեկուցմանը, սակայն հետագայում ստիպված է եղել լքել նիստերի դահլիճը, քանի որ չի ունեցել անհրաժեշտ գաղտնիության թույլտվությունը։
Մեր տեղեկություններով՝ Էդգար Ղազարյանը Պապիկյանից փորձել է պարզել, թե ինչու են Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները լարվել, և ինչ քայլեր են իրականացվում այդ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Ընդդիմադիր պատգամավորը նաև ՀԱՊԿ-ին առնչվող փաստաթուղթ է հրապարակել՝ փորձելով նախարարից ստանալ հստակ պատասխաններ։
Իսկ Շաքիի վերջին իրադարձությունների հետ կապված հարցերը ընդդիմությունը որոշել է թողնել այսօրվա քննարկմանը։ Բանն այն է, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ Շաքիի դեպքերը փակ, գաղտնի ռեժիմով քննարկելու նպատակով։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա քննարկմանը ընդդիմադիրների մասնակցությունը բավական սահմանափակ է եղել, և այսօր սպասվում է, որ ավելի մեծ թվով ընդդիմադիր պատգամավորներ կմասնակցեն փակ նիստին՝ փորձելով հասկանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել Շաքիում, և ինչու են այդ դեպքերի շուրջ բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան։
Մեր տեղեկություններով՝ այսօրվա փակ նիստին ներկա են լինելու նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
Այսպիսով, ուժային կառույցների ղեկավարները հերթական անգամ խորհրդարանում հայտնվելու են փակ դռների հետևում։ Իսկ Շաքիի դեպքերի շուրջ առաջացած հարցերի պատասխանները, ինչպես նաև ուժային կառույցների աշխատանքի և բյուջետային ծախսերի վերաբերյալ մանրամասները շարունակում են մնալ գաղտնիության քողի տակ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում