ԵՄ-ն սպառնացել է Վրաստանին չեղարկել առանց վիզայի ռեժիմը
Եվրամիությունը մտադիր է հունվարին քննարկել Վրաստանի իշխանությունների դեմ նոր միջոցներ ձեռնարկելու հարցը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովն ընդլայնման վերաբերյալ իր տարեկան զեկույցում նախազգուշացրել է, որ Վրաստանի քաղաքացիների համար կարող է վտանգվել առանց վիզայի ռեժիմը։
«Ներկայումս դիտարկվում են բոլոր հնարավոր տարբերակները»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Վրաստանի իշխանությունների դեմ հնարավոր նոր միջոցների մասին հարցին, հայտարարել է Կալասը։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի խոսքով՝ միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հունվարին մանրամասն կքննարկեն Թբիլիսիի նկատմամբ հետագա քայլերը։