Ֆրանսիայում բողոքի ցույցերի անվտանգությունն ապահովելու համար կներգրավվի 70 հազար իրավապահ
Ֆրանսիայի իշխանությունները նոյեմբերի 5-ին ամբողջ երկրում նախատեսված զանգվածային բողոքի ցույցերի ընթացքում անվտանգության ապահովման համար կներգրավեն 70 հազար ոստիկան և ժանդարմ։
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
Նրա խոսքով՝ հասարակական կարգի պահպանության համար կներգրավվի այնքան իրավապահ, որքան ներգրավվել էր հոկտեմբերի 31-ի բողոքի ցույցերի ժամանակ։
Անվտանգության ապահովմանը կմասնակցեն նաև հատուկ նշանակության ստորաբաժանումները:
ՆԳ նախարարը շեշտել է, որ իրավապահների առաջնահերթ խնդիրն է ապահովել ցույցերի խաղաղ ընթացքը և թույլ չտալ անկարգություններ։
«Եթե փորձեր կատարվեն անօրինական գործողություններ իրականացնելու, պատասխանը կլինի ծայրահեղ կոշտ։ Մենք չենք հանդուրժի որևէ անկարգություն, և իրավախախտները կձերբակալվեն»,- նախազգուշացրել է նախարարը։
Բողոքի ցույցերը կանցկացվեն համազգային գործադուլի ֆոնին։ Գործադուլի կոչ են արել Ֆրանսիայի խոշորագույն արհմիությունները՝ ի պաշտպանություն աշխատավարձերի և բնակչության զբաղվածության։