Հայաստանում ներդրումային միջավայրի և գործարար կարգավորումների բարելավման նոր ծրագիր է մեկնարկել
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «Հայաստանում ներդրումների, թվայնացման, աճի և ձեռնարկատիրության համար բիզնես կարգավորումների բարելավում» (Armenia BRIDGE) նախագծի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։
Եվրոպական միության (ԵՄ) ֆինանսավորմամբ Համաշխարհային բանկի (ՀԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) կողմից համատեղ իրականացվող նախագիծը նպատակ ունի բարելավելու Հայաստանում գործարար միջավայրը, խթանելու ներդրումների ներգրավումը, ամրապնդելու մրցակցությունը և աջակցելու հայկական ընկերությունների համաշխարհային արժեշղթաներում ինտեգրմանը։
Ներկայացվել են Armenia BRIDGE նախագծի հիմնական առաջնահերթությունները, ինչպես նաև քննարկվել շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Ներդրումներ, աճ, մրցակցություն․ բացահայտել Հայաստանի բիզնես ներուժը» խորագրով քննարկումը, որը համախմբել էր գործարար համայնքի ներկայացուցիչներին, քաղաքականություն մշակողներին և միջազգային փորձագետներին, կարևոր հարթակ էր գործարարության համար կարգավորումների պարզեցմանը, թվային ծառայությունների զարգացմանը և արդար մրցակցության ապահովմանը վերաբերող հարցերը բարձրացնելու համար: