Մեկնարկել է Երևանի Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 4-10-ը կանցկացվի Երևանի շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը՝ «Շեքսպիր և ռուս դասականներ» խորագրով։
Այս կապակցությամբ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, փառատոնի տնօրեն Կարո Բալյանը, Վորոնեժի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Անդրեյ Վասիլևը, Հայ-շեքսպիրյան միության նախագահ Հասմիկ Սեյմորը և Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Գրիգոր Խաչատրյանը։
Մեկ շաբաթվա ընթացքում Երևանի տարբեր թատերական հարթակներում կներկայացվեն Մոլդովայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Ռումինիայի և Հայաստանի թատերախմբերի բեմադրությունները։ Փառատոնի ներկայացումները կանցկացվեն Երևանի տարբեր թատերական հարթակներում՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում, Երևանի կամերային թատրոնում, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Փառատոնի շրջանակում Հայ-շեքսպիրյան միության հետ համատեղ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա կլոր սեղան-քննարկում, որին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող շեքսպիրագետներ, թատերական ռեժիսորներ և մշակութային գործիչներ Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Հունգարիայից, Լեհաստանից, Ռումինիայից և Մոլդովայից։
Փառատոնի բացումը կկայանա Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ Շեքսպիրի «Համլետ» ներկայացմամբ։