Ուկրաինան հարվածել է Ռուսաստանում գտնվող Ozon-ի խոշորագույն կենտրոններից մեկին
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Դաշնության Ադիգեայի Հանրապետության վրա։ Տարածաշրջանի ղեկավար Մուրատ Կումպիլովի խոսքով՝ Ադիգեյսկ քաղաքում գտնվող Ozon ընկերության լոգիստիկ կենտրոնի տարածքում հրդեհ է բռնկվել։
Կումպիլովը նշել է, որ համալիրի աշխատակիցները տարհանվել են, իսկ տուժածների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Խոցված անօդաչուների բեկորները վնասել են նաև մասնավոր տուն և գազատար խողովակ։
Ozon-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հարձակման ենթարկված լոգիստիկ կենտրոնը ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքը։ Կենտրոնում պահվող ապրանքները ժամանակավորապես կհեռացվեն վաճառքի հարթակից, իսկ որոշ պատվերներ կչեղարկվեն, մյուսները կուղարկվեն ընկերության այլ պահեստներից։
Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ համալիրը Ռուսաստանի հարավում ընկերության խոշորագույն կենտրոններից է։ Դրա տարածքը կազմում է 92 հազար քառակուսի մետր, իսկ պահեստային տարողությունը գերազանցում է 10 միլիոն ապրանքը։ Նույն կենտրոնը հարձակման էր ենթարկվել նաև օգոստոսի 24-ին, ինչի հետևանքով նույնպես հրդեհ էր բռնկվել։