Անկարայում բարոյականության և հասարակական կարգի խախտման մեղադրանքով ձերբակալվել է 34 ռուսաստանցի կին
Անկարայում հասարակական կարգը և բարոյականության նորմերը խախտելու մեղադրանքով ձերբակալվել է ավելի քան 30 ռուսաստանցի կին։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության մամուլի ծառայությունից։
«Հոկտեմբերի 23-ին Անկարայի «Մաքսիմ», «Հավանա» և «Ֆոլիբերժեր» գիշերային ակումբներում ոստիկանության իրականացրած ստուգայցերի ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի։ Նրանց բջջային հեռախոսներն առգրավվել են, սակայն հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն է տրվել՝ քաղաքային հեռախոսակապի միջոցով», – հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Ներկայումս կանայք գտնվում են «Աքյուրեթ» արտաքսման կենտրոնում, որտեղ նրանց հետ աշխատում է թուրք փաստաբանը։ Դեսպանատան տեղեկացմամբ՝ առաջիկայում տեղի կունենա դատական նիստ։
Նշվում է, որ Ռուսաստանի հյուպատոսության աշխատակիցներն արդեն հանդիպել են իրենց հայրենակիցների հետ։ Իրավիճակի զարգացմանը զուգահեռ նրանց կտրամադրվի անհրաժեշտ օգնություն։